«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսում ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ներկայացրել է կոմիտեի կատարած աշխատանքը։ Բանախոսը տեղեկացրել է, որ կոմիտեի գործունեությունը կարելի է բաժանել երկու հիմնական ուղղությունների. առաջինը վերահսկողությունն է, մյուսը՝ լեզվական վերահսկողությունը:

Ըստ բանախոսի՝ Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրել է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, քանի որ արտաքին գրառումները և ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով:

«Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայերենով լինի, հետո՝ օտար լեզվով: Հայաստանում գրագրությունը պետք է լինի հայերեն: Հորդորով դիմում եմ մեր տնտեսավարողներին: Այո՛, զբոսաշրջիկներ շատ են գալիս Հայաստան, բայց չէ՞ որ մենք չենք ապրում նրանց համար: Սա մեր երկիրն է, և այստեղ հայերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Ամենուրեք պետք է լինի նախ հայերենը, նոր հետո՝ ռուսերեն կամ անգլերեն»,- նշել է Դավիթ Գյուրջինյանը:

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով կոմիտեն 2021 թ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 76 վարույթ, 72 հայցադիմում ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Հայցերից 8-ը բավարարվել է, 19-ը՝ մերժվել, դատական կարգով 2 գործ կարճվել է: 43 գործ ՀՀ վարչական դատարանում քննության փուլում է, 11 գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք, 8 գործով ևս ներկայացվելու է։ Խախտումները հիմնականում արտաքին հարդարանքին են վերաբերում:

«Խախտումների թիվն ավելին կարող էր լինել, պարզապես յուրաքանչյուր գործ երկար ընթացք ու ժամանակ է պահանջում, իսկ մեր ռեսուրսները բավարար չեն: Դատարանները բավական ծանրաբեռնված են, օրինակ՝ մի գործի վերաքննիչ բողոք լսելու ժամկետ է նշանակվել 2023 թվականը: Այնինչ, մեր հասարակությունն անհամբեր է: Հայերենի շահով ապրող ակտիվ հատվածն արդյունքի է սպասում, ցանկանում է, որ շտկվեն օտարալեզու գրառումները, սակայն մենք սպասում ենք դատարանի որոշմանը»,- փաստել է Դավիթ Գյուրջինյանը:

Լեզվի կոմիտեի նախագահի համար տարակուսելի է, որ շատ տնտեսավարողներ իրավաբանների միջոցով փորձում են պաշտպանել օտարալեզու բառերը, սակայն կան նաև տնտեսավարողներ, որոնք հետևում են «Լեզվի մասին» օրենքի պահանջներին: Ըստ Դավիթ Գյուրջինյանի՝ նրանք պարզապես տեղեկացված չեն լինում և արագ շտկում են բացթողումը:

Բանախոսն անդրադարձել է նաև լեզվական վերահսկողության խնդրին: Լեզվի կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել հայաստանյան հեռուստաընկերությունների, տպագիր և առցանց ԶԼՄ-ների շրջանում ու վերջիններիս ամփոփագրեր ուղարկել լեզվական սխալների վերաբերյալ: Անցյալ տարի ուղարկվել է 37 այդպիսի ամփոփագիր, պատրաստվում են ուղարկելու ևս 3-ը: Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ ամփոփագրերն ուղարկելուց որոշ ժամանակ անց կրկին ուսումնասիրում են՝ արդյոք լրատվամիջոցները շտկե՞լ են լեզվական սխալները. «Որոշ դեպքերում շտկում են սխալները, սակայն որոշ դեպքերում, հատկապես հեռուստահաղորդավարները, ցավոք, համառորեն շարունակում են արտառոց լեզվական սխալներ թույլ տալ»:

2021 թվականի ընթացքում Լեզվի կոմիտեն հրապարակել է 11 հորդորակ և 20 հոդված, ինչպես նաև կազմակերպել գիտաժողով՝ նվիրված բառարանագրության հիմնախնդիրներին և հեռանկարին: Նախաձեռնվել է «Տարվա բառի» ընտրություն: