Երևանի պետական համալսարանի և Թյանջինի նորմալ համալսարանի միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր: Համաձայն փաստաթղթի՝ երկու համալսարանները կիրականացնեն դասախոսների, հետազոտողների և ուսանողների փոխանակման ծրագրեր, կփոխանակեն գիտական, մասնագիտական գրականություն, պարբերականներ և այլ նյութեր, ինչպես նաև կկազմակերպեն համատեղ հետազոտական ծրագրեր, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն առցանց հանդիպմանը փաստել է, որ համալսարանում մեծ ակտիվությամբ գործում են չինագիտության ու չինարենի և չինական մշակույթի կենտրոններ, որոնց նկատմամբ ուսանողների հետաքրքրվածությունը բավականին մեծ է: Նա ներկայացրել է ԵՊՀ միջազգային համագործակցության ուղղությունները և հույս հայտնել, որ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախագիծը նոր հնարավորություններ կընձեռի առավել արդյունավետ իրագործելու երկու համալսարանների միջև նախատեսված ծրագրերը։

Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան իր հերթին շեշտել է, որ բուհը հիմնադրվել է 1958 թվականին և ունի ավելի քան 30 հազար ուսանող։ «Չինաստանը և Հայաստանը հուսալի գործընկերներ են, որոնք համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության և գիտության։ Այսօր էլ երկու բարեկամ համալսարաններ համագործակցության նոր էջ են բացում»,- համաձայնագրի ստորագրման առցանց արարողության ժամանակ նշել է նա:

Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն ընդգծել է, որ այս փոխգործակցության մեկնարկն ավելի կամրապնդի Հայաստանի և Չինաստանի գործընկերային բազմադարյա հարաբերություններն ու հետագայում նոր հնարավորություններ կընձեռի։

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը նույնպես կարևորել է հայ-չինական դարավոր բարեկամությունը, որն ամրապնդվում է կրթության, գիտության և մշակույթի միջոցով։

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում ավելի մանրամասն կքննարկեն համագործակցության իրագործման և զարգացման առավել արդյունավետ ուղիները։