Արմավիրի, Գյումրիի և Վանաձորի դպրոցները ներկայացրել են «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագծում իրենց գնահատումների արդյունքները, հաջողությունները, խնդիրներն ու փորձառությունը։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել առցանց, ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ամփոփիչ քննարկմանը ներկա էին նաև մասնակից մյուս դպրոցների մանկավարժները:

«Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագիծը մեկնարկել է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի նախաձեռնությամբ և նախատեսված է տարրական դպրոցի սովորողների համար: Այն իրականացվում է որպես տարրական դպրոցում ընթերցանության ուսուցման արդյունքները գնահատելու և դրա հիման վրա հետագա գործողությունները պլանավորելու գործընթաց, և նպատակն է բարելավել հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակը: Նախագիծն իրականացվում է ըստ մարզերի՝ յուրաքանչյուր մարզից ընդգրկելով առնվազն 5 դպրոց:

Ըստ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի՝ առաջին հինգ դպրոցը (Արմավիրի մարզ) ծրագրին միացել են հոկտեմբերին։ Նրանք արդեն որոշակի փորձառություն ունեն և հասցրել են ավելի շատ աշխատել. կատարել են սովորողների ընթերցանության գնահատում, գույքագրել են խնդիրները և աշխատել դրանց լուծման ուղղությամբ, ապահովել են որոշակի առաջընթաց և բոլոր սովորողների համար կազմել են թղթապանակներ։ Հաջորդիվ ծրագրին միացել են նաև 5-ական դպրոց Շիրակի և Լոռու մարզերից: Այս երեք խումբն էլ ստեղծել է տարրական դասարանների մեթոդմիավորում, որտեղ քննարկվում են ընթերցանության առկա վիճակը, ներկայացվում են դժվարությունները և հաջողությունները։ Արդեն իսկ դեկտեմբերին միացել են նոր դպրոցներ Երևանից և Արարատից:

Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել են 45 հիմնական և միջնակարգ դպրոցներ Երևանից, Արարատի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերից, շուրջ 450 մանկավարժական աշխատող, 2300 աշակերտ և դպրոցների ծնողական համայնքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին նախաձեռնությանը միանալու և քննարկմանը մասնակցելու համար՝ կրթական համակարգում ընթերցանության հարցն առաջնային համարելով:

«Կցանկանայի՝ ծրագիրը մանկավարժների համար դառնար մեթոդական մոտեցում, գործիքակազմ: Դուք՝ ուսուցիչներդ, ընթերցանության խրախուսման դեսպաններն եք, կիսե՛ք, տարածե՛ք, խրախուսե՛ք ձեր փորձառությունը»,- կոչ է արել փոխնախարարը: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ հաջորդ ուստարում կպլանավորվի աշխատաժողով՝ երկխոսությամբ մեկտեղելու ընթերցանության խրախուսման տարբեր նախաձեռնություններն ու փորձը, դրանք նույն դաշտ բերելու, իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

«Հուսով եմ՝ դպրոցներն էլ հանդես կգան նախաձեռնություններով, և մանկավարժական նորարարությունները կդառնան կրթական համակարգի առանցքներից մեկը: Մաղթում եմ, որ գալիք տարում ունենանք հնարավորություն՝ կենտրոնանալու միայն կրթական խնդիրների վրա: Առողջություն և խաղաղություն մեր երկրին»,- եզրափակել է փոխնախարարը:

Ըստ արված աշխատանքի նախնական ամփոփիչ դիտարկումների՝ ընթերցողների մեծ մասը տիրապետում է միայն ընթերցանության պարզագույն կարողություններին, ընթերցանության դժվարություններն առնչվում են հիմնականում ընթերցածի ընկալման և սահունության բաղադրիչներին, դպրոցներում ոչ միշտ են արձանագրում, վերլուծում և համակարգում կատարած աշխատանքների արդյունքները և այլն:

Ծրագրին միացած առաջին 3 մարզերի դպրոցները ներկայացրել են կատարած աշխատանքները, վեր հանել խնդիրները և առաջարկել դրանց լուծման ուղիները: Ըստ այդմ՝ մանկավարժները կազմակերպել են ընթերցանության խրախուսման, տեխնիկայի բարելավման տարբեր միջոցառումներ, ստեղծել խմբակներ, մասնակից են դարձրել ծնողներին, մշակել են գրադարանի հետ աշխատելու ճկուն մեխանիզմներ:

Նշենք, որ ԿԶՆԱԿ հիմնադրամը «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագծի շրջանակում մասնակից դպրոցներում իրականացրել է նաև վերապատրաստման աշխատանքներ:

Առաջիկա ամիսներին ամփոփիչ հաշվետվություններով հանդես կգան նաև մասնակից մյուս դպրոցները, որոնք ծրագրին միացել են վերջին ամիսներին: