ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել է հեռավար ձևաչափով։

Մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, ակադեմիական, ժողովրդական և էստրադային երգեցողություն, ժողովրդական և ժամանակակից պար, կրկեսային արվեստ, ժողովրդական և փողային գործիքներ՝ բաժանված տարիքային խմբերի։ Ընդհանուր առմամբ խաղաղարկվել է մրցանակների 27 հավաքածու։

Դեկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի են ունեցել հաղթողների մրցանակաբաշխության արարողությունն ու գալա համերգը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի հայաստանյան մասնակիցներին և միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրած ժյուրիի անդամներին և նշել, որ նման ստուգատեսներն ու միջոցառումներն ունեն ոչ միայն գեղագիտական, գեղարվեստական, այլև կրթական, հոգեբանական և քաղաքական հսկայական նշանակություն:

«Այս ձևաչափերով մենք ապահովում ենք մեր ներկայությունն աշխարհում, միջազգային տարբեր հարթակներում, իսկ դա մեր օրերում չափազանց կարևոր նշանակություն ունի, առավել ևս, որ մենք ունենք այսպիսի ներկայանալի ռեսուրս՝ պատանի տաղանդավոր, օժտված երաժիշտ-կատարողներ: Իմ կարծիքով, երաժշտության բնագավառում փորձառու և պրոֆեսիոնալ մանկավարժների շնորհիվ սերնդափոխության բնականոն ընթացքը չի ընդմիջվել, և մենք նման տարաբնույթ ծրագրերով հաստատում ենք սերնդափոխության բնականոն գործընթացները: Այս համատեքստում իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մանկավարժներին կատարած աշխատանքի և մեծ նվիրումի համար››,- ընդգծել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և տեղեկացրել, որ «Դելփյան խաղերում» առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիր պատանիների մանկավարժները՝ Ծովինար Հովհաննիսյանը (ժողովրդական գործիքներ) և Հասմիկ Հակոբյանը (դաշնամուր), պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ գերատեսչական պարգևով:

«Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանի տեղեկացմամբ՝ հայ պատանիներն ու երիտասարդները, ներկայացնելով հայ արվեստն ու մշակույթը «Դելփյան խաղերում», երկար տարիներ մեծ արդյունքներ են գրանցել այս հարթակում: «Վերջին տարիների՝ համավարակով պայմանավորված դժվարություններից հետո հայ երեխաները կրկին բարձր ցուցանիշներ են գրանցել՝ ի պատիվ իրենց և մանկավարժների կատարած ահռելի աշխատանքի»,- երեխաների հաջողություններն արձանագրելով՝ շեշտել է Նելլի Սարգսյանը:

«Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» նախագահ Ալեքսան Զաքյանի նշմամբ՝ Հայաստանը ընդգրկված է «Դելփյան խաղեր» կառույցում և հանդիսանում է խաղերի կազմակերպիչներից մեկը: 2000 թվականին կայացած համաշխարհային «Դելփյան խաղերից» ի վեր՝ Հայաստանը մշտապես գրանցել է մեծ հաջողություններ:

«Այս տարի ևս հայաստանյան պատվիրակությունը խաղերին մասնակցել է բոլոր անվանակարգերում և արժանացել մրցանակների. երեք 1-ին մրցանակ, երեք 2-րդ մրցանակ, ութ 3-րդ մրցանակ, և տասնութ մասնակից՝ հատուկ դիպլոմի։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը ԱՊՀ երկրների 15-րդ «Դելփյան խաղերում» թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը»,- տեղեկացրել է կոմիտեի նախագահը՝ շնորհավորելով հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներին:

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի՝ Հայաստանի հաղթողներն են՝

1-ին մրցանակ

Սարգսյան Գուռ (դաշնամուր 14-17 տ․),
Խաչատրյան Էրիկա (ժողովրդական գործիքներ 10-13 տ․),
Հարությունյան Անահիտ (ժողովրդական գործիքներ 18-25 տ․),

2-րդ մրցանակ

Հարությունյան Օվսաննա (ջութակ 14-16 տ․),
Վարդանյան Գրետա (ժողովրդական գործիքներ 14-17 տ․),
Խաչատրյան Աիդա (կրկեսային արվեստ 10-15 տ․),

3-րդ մրցանակ

Հակոբյան Սվետլանա (դաշնամուր 14-17 տ․),
Պուչինյան Արմեն (դաշնամուր 18-25 տ․),
Ղուշչյան Անի (ակադեմիական երգեցողություն 22-25 տ․),
Խորոզյան Էդուարդ (փողային գործիքներ 14-17 տ.),
Զաքարյան Արարատ (ժողովրդական երգեցողություն 10-13 տ․),
Մալոյան Ռիտա (ժողովրդական երգեցողություն 14-17 տ․),
«Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա, գեղարվեստական ղեկավար՝ Էդգար Հակոբյան (ժողովրդական պար, 10-14 տ․)
Խաչատրյան Աիդա և Գինոսյան Սերինե (կրկեսային արվեստ, 10-24 տ․)

Հատուկ դիպլոմներ

Սմբատյան Մարիամ (ջութակ 10-13 տ․),
Դանիելյան Մարի (դաշնամուր 10-13 տ․),
Մուրադյան Ֆերդինանդ (ակադեմիական երգեցողություն 22-25 տ․),
Դավթյան Լիլիթ (ակադեմիական երգեցողություն 22-25 տ․),
Գասպարյան Տիգրան (փողային գործիքներ 10-13 տ․),
Պետրոսյան Վիկտորյա (փողային գործիքներ 10-13 տ․),
Հեքեքյան Հայկ (փողային գործիքներ 14-17 տ․),
Դավթյան Սամվել (փողային գործիքներ 18-25 տ․),
Բալումյան Հայկազ (ժողովրդական երգեցողություն 14-17 տ․),
Եզեկելյան Անի (ժողովրդական գործիքներ 10-13 տ․),
Խանզադյան Նարեկ (ժողովրդական գործիքներ 14-17 տ․),
Գրիգորյան Ալեքսանդր (ժողովրդական գործիքներ 14-17 տ․),
Հովսեփյան Աբել (էստրադային երգեցողություն 10-13 տ․),
Ալբերտյան Անժելա (Էստրադային երգեցողություն 14-17 տ․),
Արծրունյան Տաթևիկ (Էստրադային երգեցողություն 18-25 տ․),
«Այաս» պարային ստուդիա, գեղարվեստական ղեկավար՝ Ասյա Թադևոսյան (ժամանակակից պար, 10-14 տ․),
Բեժանյան Անժելիկա (կրկեսային արվեստ, 10-15 տ․),
Գևորգյան Արինա և Մխիթարյան Արաքսյա (կրկեսային արվեստ, 10-24 տ․):

Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվել են ԱՊՀ 30-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների պլանի համաձայն։

Խաղերն անցկացվել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի, ԱՊՀ անդամ պետությունների՝ երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ և Միջազգային Դելփյան կոմիտեի հովանու ներքո։

ԱՊՀ անդամ երկրների հոբելյանական 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին մասնակցել են ներկայացուցիչներ համագործակցության 9 երկրներից ՝ Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն և Ադրբեջանի Հանրապետություն: Երկրների պատվիրակությունների կազմում ընդգրկված էր 729 մասնակից։ ԱՊՀ արվեստի 45 ականավոր գործիչներ դարձել են ժյուրիի անդամներ։

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրել են Ծովինար Հովհաննիսյանը (ժողովրդական գործիքներ), Լևոն Ջավադյանը (ակադեմիական երգեցողություն), Մուրադ Հակոբյանը (ժողովրդական պար), Հարություն Շախկյանը (փողային գործիքներ), Վրեժ Կիրակոսյանը (էստրադային երգեցողություն) և Ավետիս Գինոսյանը (կրկեսային արվեստ)։