Հայաստանյան 2 ներկայացուցիչ արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակներին, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին հայկական կողմից արժանացել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Մրցանակը շնորհվում է ամեն տարի գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար գործունեության բնագավառում ունեցած մեծ ավանդի և ձեռքբերումների համար, որոնք նպաստում են նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցությանը։

«Համագործակցության դեբյուտներ» միջազգային մրցանակին հայկական կողմից արժանացել է Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի տեղակալ, թանգարանագետ, հասարակական գործիչ Արմեն Այվազյանը: Այն ամեն տարի շնորհվում է հիմնադիրների կողմից որոշված հումանիտար ոլորտի երիտասարդ մասնագետներին (մինչև 35 տարեկան)։ Մրցանակները սահմանվել են ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) կողմից:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և մաղթել նոր ձեռքբերումներ: