ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Երևանի «Գլաձոր» համալսարանին տրվել է բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցմամբ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների գործունեության թույլտվություն։ Եվ օրերս «Գլաձոր» համալսարանում բացվել է ստոմատոլոգիական կլինիկա՝ ընդլայնելու բուհի գործունեությունը, պատրաստելու մասնագետներ բժշկության և ստոմատոլոգիայի բնագավառներում: Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Փոխնախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին նոր մասնագիտությունների ներմուծման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ լիցենզիայի տրամադրումը կծառայի որակյալ կադրերի պատրաստման նպատակին:

«Աշխարհում ընդունված կարգի համաձայն՝ մասնավոր բուհերն ավելի լավ կրթություն են տալիս, քան պետականները: Մեզ մոտ հակառակն է. 100-ամյա բժշկական համալսարանը դեռ առաջատարն է: Բարի ցանկություն և հույս ունեմ՝ ժամանակի ընթացքում դուք կխախտեք ուղղությունը. կլինի առողջ մրցակցություն, և շեշտադրումն առավելապես կդրվի որակի վրա, ոչ թե ուսանողների թվի ապահովման: Մենք՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, կհետևենք բուհում որակյալ կադրերի պատրաստման ընթացքին»,- ասել է Կ. Թռչունյանը:

«Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը ներկայացրել է բուհի նոր կառույցը՝ «Յունիդենտ» ստոմատոլոգիական կլինիկան, բուժական գործի համար ստեղծված լաբորատորիան, 3D էկրանը՝ նախատեսված առցանց դասավանդման և մասնագիտական դասընթացն առավել մատչելի ու տեսանելի դարձնելու համար, տեխնիկապես հագեցված լսարանները:

«Մեծ պատասխանատվություն է ձեռնամուխ լինել նոր մասնագիտության ուսուցմանը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ հաջողվել է ստեղծել բժշկի և հատկապես ստոմատոլոգիական մասնագիտությանն առնչվող առարկաներ դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմ, որը պատրաստ է իր մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը սիրով ու նվիրումով հաղորդելու ապագա բժիշկներին»,- ասել է ռեկտորը՝ նշելով, որ «Գլաձոր» համալսարանում կարող են բարձրագույն բժշկական կրթություն ստանալ նաև արտասահմանցի ուսանողները:

Ստոմատոլոգիական ծառայություններից կարող են օգտվել ինչպես ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ բոլոր քաղաքացիները: