ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել է հեռավար ձևաչափով։

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվել են Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների ծրագրի համաձայն։

Խաղերը կայացել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ և Միջազգային դելփյան կոմիտեի հովանու ներքո։

ԱՊՀ անդամ երկրների հոբելյանական 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին մասնակցել են համագործակցության 9 երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն և Ադրբեջանի Հանրապետություն: Երկրների պատվիրակությունների կազմում ընդգրկված էր 729 մասնակից։ ԱՊՀ արվեստի 45 ականավոր գործիչներ դարձել են ժյուրիի անդամներ։

Մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, ակադեմիական, ժողովրդական և էստրադային երգեցողություն, ժողովրդական և ժամանակակից պար, կրկեսային արվեստ, ժողովրդական և փողային գործիքներ՝ բաժանված տարիքային խմբերի։ Ընդհանուր առմամբ խաղարկվել է մրցանակների 27 հավաքածու։

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրել են Ծովինար Հովհաննիսյանը (ժողովրդական գործիքներ), Լևոն Ջավադյանը (ակադեմիական երգեցողություն), Մուրադ Հակոբյանը (ժողովրդական պար), Հարություն Շախկյանը (փողային գործիքներ), Վրեժ Կիրակոսյանը (էստրադային երգեցողություն) և Ավետիս Գինոսյանը (կրկեսային արվեստ)։

Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է բոլոր անվանակարգերում և թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ նվաճելով երեք 1-ին մրցանակ, երեք 2-րդ մրցանակ, ութ 3-րդ մրցանակ, տասնութ մասնակից էլ արժանացել է հատուկ դիպլոմի։

Տեղեկացնենք, որ ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին մասնակցած հայ երիտասարդ հաղթողների անունները կհայտարարվեն դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 3):

Տեղի կունենա մրցանակաբաշխության արարողություն և գալա համերգ՝ մրցանակակիրների մասնակցությամբ: