ՀՀ կառավարության 2021 թ. դեկտեմբերի 23-ի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը:

«Նախագծով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեից վերաբաշխվում է ընդհանուր առմամբ 128․439․600 դրամ (ներառյալ ԱԱՀ)»,- ասել է Վ. Դումանյանը՝ մանրամասնելով վերաբաշխման կետերը. ըստ այդմ՝

1) 98.401.200 դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին` հետևյալ աշխատանքների իրականացման համար.

  • ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի բերդ ամրոցի (X-XI դարեր) պարսպապատի հարավարևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումներ,
  • Լոռի Բերդ ամրոցի (X-XI դարեր) միջնաբերդի պարիսպների հարավարևմտյան հատվածի, եկեղեցու և երկու բաղնիքների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
  • ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցու (1846 թ․) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
  • ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (13-րդ դ․) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում,
  • ՀՀ Տավուշի մարզի Տավուշ ամրոցի (X դար) պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում:

2) 20.138.400 դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքի պեղումների իրականացման համար:

3) 9.900.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին` Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:

Որոշումն ընդունվել է միաձայն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Կառավարությունը պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում՝ վերականգնելու և հանրությանն ավելի մատչելի դարձնելու մեր հարուստ ժառանգությունը, ինչը ոչ միայն մշակութային, այլև տնտեսական և զբոսաշրջային նշանակություն ունի:

Վարչապետն անդրադարձել է նաև «Հավերժության ժապավեն» հուշարձանին, որը վերականգնման վերջնական փուլում է, և հայտնել է, որ համակողմանի բոլոր ջանքերը գործադրվելու են այդ և նմանօրինակ մյուս հուշարձանների պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար: