ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները, «ՀայՓոստը» ամփոփել են համատեղ կազմակերպած ձեռագիր նամակ գրելու մրցույթը: Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը:

Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ՝ հասարակայնության հետ կապերի տնօրեն Նաիրա Նազարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով հաղթողներին, նշել է. «Երեխաների կողմից ստացել ենք շատ հետաքրքիր նամակներ, ու վստահ եմ՝ հանձնաժողովը շատ դրական լիցքեր է ստացել դրանք ընթերցելիս: Վերջին տարիները բոլորիս համար լուրջ մարտահրավերների և դժվարությունների տարիներ էին: Համավարակի պայմաններում մենք տեսանք, թե որքան կարևոր են մարդկային շփումն ու հաղորդակցությունը: Կարծում եմ՝ ձեռագիր նամակ գրելու մրցույթը նաև փորձ էր հաղորդակցության այդ ավանդույթը վերականգնելու համար:

Եվ, իհարկե, տեքստ գրելու ունակությունը հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված կարևոր կարողություն է, ու մենք շատ ենք կարևորում, որ մեր աշակերտները դպրոցներում սովորեն գրագետ տեքստ կազմել, ծանոթանան տարբեր ոճերի տեքստեր կազմելու կանոններին: Այս մրցույթը նաև յուրատեսակ հնարավորություն էր փորձարկելու այդ գործնական հմտությունները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հետագա տարիներին ևս կլինեն նման նախաձեռնություններ, և այսպիսի բազմակողմ համագործակցության շնորհիվ կկարողանան խրախուսել երեխաների լավ արդյունքները:

ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանն էլ ընդգծել է, որ այս նախաձեռնությունը երկու կարևոր բաղադրիչ ունի. առաջինը ձեռագիր նամակ գրելու ավանդույթը վերականգնելն է, իսկ երկրորդը՝ անդրադարձը մեր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը. «Որպես հնագույն ազգ՝ մենք ձեռագրերի ահռելի ժառանգություն ունենք, որոնց վառ վկայությունը Մատենադարանն է: Ուստի պետք է ճանաչենք մեզ հասած, համաշխարհային նշանակություն ունեցող ձեռագրերի արժեքը, դառնանք դրանց կրողն ու փոխանցողը: Մեր օրերում տեխնոլոգիաները հետին պլան են մղել ձեռագիր նամակ գրելու մշակույթը, բայց կարևոր է՝ արագ զարգացող տեխնոլոգիաների աշխարհում հաճախ հանդես գանք նման նախաձեռնություններով, հատկապես՝ դպրոցական երեխաների շրջանում՝ խրախուսելով ձեռագիր և հայատառ գրելու մշակույթը»:

«ՀայՓոստ» ընկերության՝ հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նաիրա Նազարյանն ընդգծել է. «Շնորհակալ ենք ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարություններին ‹‹Ձեռագիր նամակ գրելու›› մրցույթը համատեղ կազմակերպելու համար: «ՀայՓոստն» այս քայլով նպատակ ունի արդիականացնելու նամակ գրելու մշակույթը, ինչպես նաև դպրոցականների շրջանում պահպանելու մեր մշակութային ժառանգության արժեքները: Ուրախ եմ, որ մեր աշակերտներն այսքան մեծ հետաքրքրվածությամբ են նամակներ գրում, արդյունքներն իսկապես ոգևորիչ են:

Շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, թող նրանք կյանքում միմիայն ձեռքբերումներ գրանցեն»:

Ձեռագիր նամակ գրելու մրցույթին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների իններորդ և տասներորդ դասարանների աշակերտները: Մրցույթն իրականացվել է երկու փուլով. առաջին փուլում բոլոր մարզերից և Երևան քաղաքից ընտրվել են լավագույն նամակները, երկրորդ փուլում վերջնարդյունքները ամփոփվել են հանձնաժողովի կողմից, որի կազմում եղել են ՀՀ ԲՏԱ, ԿԳՄՍ նախարարությունների և ‹‹ՀայՓոստի›› ներկայացուցիչները:

Հանձնաժողովի կողմից ընտրվել են 4 հաղթողներ.

1. Երևանի Հ. Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի աշակերտուհի Սուսաննա Զեյթունյանը,
2. Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Անահիտ Հովեյանը,
3. Խնձորեսկի Գ. Սևունցի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյունե Գևորգյանը,
4. Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհի Էլեն Ապրեսյանը:

‹‹ՀայՓոստ›› ընկերությունը հաղթողներին խրախուսել է հատուկ մրցանակներով՝ էլեկտրոնային գրքերի ընթերցիչներով (Kindle):