Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժիշտի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգով։

Մենակատարներ՝ Ֆելիքս Հարությունյան (ջութակ), Գրիգոր Հարությունյան (կլառնետ), Գալինա Ցոլակյան (սոպրանո), Լուսինե Մարկոսյան (մեցցո սոպրանո), Արսեն Ստեփանյան (տենոր), Լուսինե Դավոյան (ուդ), Թերեզա Ոսկանյան (երգեհոն), Հենրի Երկանյան (թավջութակ), Հասմիկ Հարությունյան (բլուլ):

Համերգային ծրագրում Դանիել Երաժիշտի մշակումներն են։

Նշենք, որ Դանիել Երաժիշտը Հայաստանում առաջինն է հիմնադրել և ղեկավարել հոգևոր երաժշտության համույթներ՝ Հայհամերգի «Շարականը» («Տաղարան», 1982-1986 թթ.), Ազգային ռադիոյի «Գանձերը» (1990-1991 թթ.) և 1991 թվականից՝ կրկին «Շարականը», որի գեղարվեստական ղեկավարն է։ Առաջին «Շարականի» հետ համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում։

Դանիել Երաժիշտը ելույթներ է ունեցել Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Գրիգոր Համբարյանի, Արմենուհի Սեյրանյանի, Աննա Մայիլյանի և այլոց հետ: Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ ռադիոյի ֆոնդի համար։ Մոսկվայի «Մելոդիա» ֆիրման թողարկել է «Շարական» մեծ սկավառակը, իսկ ԱՄՆ-ում թողարկվել է լազերային սկավառակ` շարականների, տաղերի, գանձերի՝ իր մշակումներով, որոնք կատարում է Ազգային ռադիոյի «Շարական» համույթը (The music of Armenia, Sharakan, 1996)։