ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:

Նախագահ Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը շրջել են թանգարանի՝ մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներում, մեծ հետաքրքրությամբ դիտել ժողովրդական արվեստի բացառիկ ցուցանմուշները:

Ծանոթանալով թանգարանի հարուստ հավաքածուին և գործունեությանը՝ նախագահ Սարգսյանը կարևորել է թանգարանի դերը նյութական և ոչ նյութական ժառանգության արժեքների պահպանման ու հասարակության շրջանում հայ ժողովրդական արվեստի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու գործում: Նախագահը հետաքրքրվել է ժողովրդական վարպետների ներկայիս գործունեությամբ և կարևորել ժողովրդական արհեստները ներկայացնող հուշանվերային արտադրությունը խթանելու նախաձեռնությունները: Նա հատկանշական է համարել պետական շարունակական աջակցությամբ միջազգային հարթակներում հայ ժողովրդական արվեստի նմուշների հանրահռչակման և հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում ծրագրերի իրականացումը:

Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը հյուրերին ներկայացրել է իրականացվող կրթական ծրագրերը, որոնց շրջանակում, մասնավորապես՝ մանկատների սաներին, ծերանոցների շահառուներին և վիրավոր զինվորներին սովորեցնում են տարբեր արհեստներ՝ փայտագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, ասեղնագործություն և այլն: Շրջայցի ընթացքում նախագահը, ականատես լինելով «Զատիկ» մանկական աջակցության կենտրոնի սաների մասնակցությամբ իրականացվող կրթական ծրագրերին, ողջունել և մեծապես կարևորել է դրանց իրականացումը և առաջարկել ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպել ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցադրություն: