«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:
2021 թվականին ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:
Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին մասնակցության ապահովումը, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը: Հաշվետու ժամանակահատվածում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանիները մասնակցել են 18 առցանց երաժշտական միջազգային մրցույթների՝ արժանանալով 1-ին և 2-րդ մրցանակների:
Մասնավորապես՝
- Տկաչևսկու անվան դաշնակահարների միջազգային մրցույթ (Լեհաստան),
- «Malta» ջութակահարների միջազգային մրցույթ,
- ‹‹Մեդիչի›› միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա),
- ‹‹Սիտա դի Սանդոմա Դիպիավե›› դաշնակահարների միջազգային մրցույթ (Իտալիա),
- Շոպենի անվան դաշնակահարների 9-րդ մրցույթ (ԱՄՆ),
- «Էլևատո» դաշնակահարների միջազգային մրցույթ (Շվեյցարիա),
- «Մյուզ» լարային գործիքների միջազգային մրցույթ (Հունաստան),
- «HarmoniumOnlinePlus» դաշնակահարների միջազգային մրցույթ (Հայաստան):
Ծրագրի անդամները մի շարք վարպետության դասեր են ստացել աշխարհի լավագույն մասնագետներից՝ Նաթալիա Տրուլ (ՌԴ), Դագլաս Համփֆրիս (ԱՄՆ), Անտոնիո դի Քրիստոֆանո (Իտալիա), Թամաշ Ունգար (ԱՄՆ), Անդրե Սեվերին (Հոլանդիա), Ալբերտ Տյու (Սինգապուր) և այլք։
Ծրագրի անդամները համերգներով հանդես են եկել Երևանում, ՀՀ Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Շիրակի մարզերում, ընդգրկված են եղել համերգներում՝ նվիրված Ա. Բաբաջանյանի 100 և Ա. Սպենդիարյանի 150-ամյակներին։ Մոսկվայում ծրագրի անդամները մասնակցել են նաև «We gather friends» XV-րդ միջազգային փառատոնին։ Ծրագրի ներկայիս անդամ Արտյոմ Իոանիսյանը և ծրագրի նախկին անդամներ Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր), Արեգ Նավասարդյանը (ջութակ) դեկտեմբերին ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Նշված ծրագրի իրականացումը համապատասխան հարթակներ է ստեղծում, որը հնարավորություն կտա ապահովելու ուսուցման նոր մեթոդիկայի, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլան, ինչի շնորհիվ շահառուները հնարավորություն կստանան առավել նպաստավոր պայմաններում զարգացնելու մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ձեռք բերելու բեմական փորձ, միջազգային շփումներ, միջազգային մակարդակով մասնակցելու լավագույն մանկավարժների և երաժիշտների վարպետության դասերի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերջին երկու տարիներին իրականացվել են 15 տեսաֆիլմերի նկարահանումներ ծրագրի յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, 6 ֆիլմերի նկարահանումներ ծրագրի շրջանակում իրականացված վարպետության դասերի վերաբերյալ, ծրագրի մասնակիցների, համերգների նկարահանումներ և նախագծի հանրահռչակում մեդիա դաշտում: