Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակին:

Հոբելյանի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի անդամներին շնորհավորական խոսք է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ մաղթելով բոլորին աննկուն կամք, ստեղծագործական վերելք և անսպառ ներշնչանք։
«Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ երգչախմբային արվեստը մեր հպարտության ու միջազգային ներկայանալիության ոլորտներից մեկն է։ Եվ այստեղ իր եզակի տեղն է զբաղեցնում Երևանի պետական կամերային երգչախումբը, որը հիմնադրվել է դժվարին 90-ականներին և մինչ այժմ բարձր պատասխանատվությամբ իրականացնում է իր հոգևոր առաքելությունը։
2020-ը երգչախմբի համար եղավ փորձության և հաղթահարման տարի։ Կյանքից անժամանակ հեռացավ երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սիրված արվեստագետ Հարություն Թոփիկյանը։ Ի պատիվ երգչախմբի և ի նշան մաեստրոյի հիշատակի հանդեպ պատասխանատվության՝ կոլեկտիվը կարողացավ ոչ միայն հաղթահարել անորոշությունն ու հոգեբանական ճգնաժամը, այլև հանդես գալ նոր նախաձեռնություններով ու պահպանել արդեն իսկ ձեռքբերվածը»,- նշված է ուղերձում:

Երգչախումբը հայաստանյան համերգներից բացի` հյուրախաղեր է ունեցել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի երկրներում, համատեղ համերգներ է ունեցել հայտնի երաժիշտների և կոլեկտիվների հետ, հանդես է եկել աննախադեպ կատարումներով, համագործակցել է երիտասարդ ու մեծավաստակ կոմպոզիտորների հետ։ Առանձին գնահատականի է արժանի Երևանի պետական կամերային երգչախմբի ներդրումը Կոմիտասի ժառանգության հանրահռչակման գործում։

Նշենք, որ հոբելյանական համերգի ընթացքում հնչել են Բախի, Պուլենկի, Չայկովսկու, Մանչինիի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: