Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում ամփոփել է ընթացիկ տարվա աշխատանքները:

Այս տարի Հայաստանում հաստատվել են 171 թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: Պաշտպանությունների ցուցանիշը 2020 թվականի համեմատ` շատ քիչ տարբերությամբ աճել է, սակայն նախորդ տարիների համեմատ` նկատելի նվազել է: Ըստ Կարեն Քեռյանի՝ նվազումը նկատելի է` վերջին 6 տարիների հետ համեմատած, ինչը բավարար չէ գիտնականների սերնդափոխության ու պրոֆեսորադասախոսական կազմի համալրման համար: Նախկինում տարեկան լինում էր մոտ 600 պաշտպանություն:
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը նշել է, որ 2018 թվականից հետո պայման է դրվել, ըստ որի՝ պետք է ունենալ տպագրած աշխատանք «Web of Scince», «Scopus» շտեմարաններում տեղ գտած գիտական պարբերականներում: Դրանից հետո դոկտորականների թիվը նվազել է, սակայն Կարեն Քեռյանը նշել է, որ ընթացիկ տարում, 2020-ի համեմատ, դոկտորականների պաշտպանության աճ է նկատվում: Կարեն Քեռյանը նաև կարծում է, որ պետք է ավելացնել ասպիրանտական տեղերի թիվը. «Ապագայի համար այնպիսի քաղաքականություն է որդեգրվել, որ պաշտպանության քանակն աճի՝ գիտնականների բանակն ավելացնելու նպատակով: Այժմ ԿԳՄՍ նախարարությունում քննարկումներ են ընթանում, և, կարծում եմ, որ մոտակա ժամանակներում հնարավորություն կունենանք ասպիրանտական տեղերն ավելացնելու»: Եթե տեղերը շատ լինեն, ապա շատ կլինեն պաշտպանությունները, մյուս կողմից՝ այն կարող է հանգեցնել որակի նվազմանը: ԲՈԿ-ի նախագահի խոսքով՝ այստեղ կարևոր է եղած պոտենցիալի հաշվի առնելը: Անհրաժեշտ են համալիր ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե որ ուղղությամբ որքան մասնագետներ են հարկավոր:
Կարեն Քեռյանը կարևոր է համարել որակական պահանջների,
աստիճանաշնորհման համակարգի փոփոխությունների անհրաժեշտությունը:

ԲՈԿ նախագահն անդրադարձել է նաև գիտական աշխատանքներում գրագողությունների խնդրի լուծմանը: Նա նշել է, որ այդ հարցում Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավական դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում՝ աստիճանազրկման կարգի մշակմամբ:

«Այդ կարգը հնարավորություն կտա պաշտպանությունից հետո՝ նույնիսկ տարիներ անց, գրագողությունը հայտնաբերելու դեպքում անձին զրկելու գիտական աստիճանից: Այս առաջարկն ընդգրկված է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում»,-ասել է Կարեն Քեռյանը:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի խոսքով՝ կարգը զսպող ու կանխարգելիչ գործիք է լինելու, ոչ թե աստիճանազրկման սպառնալիք:

«Հայցորդը կհասկանա, որ եթե նույնիսկ հաջողվի պաշտպանել, ապա, միևնույնն է, հետագայում էլ գրագողությունը բացահայտելու դեպքում նա կզրկվի գիտական աստիճանից»,- մեկնաբանել է Կարեն Քեռյանը:

Աստիճանազրկման կարգից բացի, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է նաև իրականացնել գրագողությունը բացահայտող ծրագրի արդիականացում ու այն հասանելի դարձնել ավելի լայն շերտի, մասնավորապես՝ գիտական հոդվածներ հրապարակող պարբերականներին: