Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ նախագծով սկզբունքային փոփոխություններ են առաջարկվում մի քանի ուղղությամբ, որոնցից առաջինը հանրակրթության բովանդակությանն է վերաբերում:

‹‹Նպատակ է դրված խթանելու քննական մտածողությունը, նորարարությունը, վերլուծական ու ստեղծագործական հմտությունները` առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Նախատեսվում է վերանայել գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների և օտար լեզուների բովանդակությունն ու դասավանդման մոտեցումները:

Խնդիր է դրված դպրոցում ուսուցանվող գիտելիքը համադրելու հմտություններով, արժեքներով և դիրքորոշումներով՝ նոր բովանդակություն հաղորդելով 12-ամյա կրթությանը››,- նշել է Ժ․ Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով արդեն ընդունվել է հանրակրթության նոր չափորոշիչը, վերանայվել են առարկայական չափորոշիչները, ուսումնական պլաններն ու ծրագրերը:

Ըստ զեկուցողի` փոփոխությունները թույլ կտան բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, խրախուսել ուսուցիչների՝ անհատական ուսումնական պլաններով աշխատելու նախաձեռնությունները: Նորարություններ են նախատեսվում համընդհանուր ներառական կրթության ներդրման առումով․ փոխվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի սահմանումը, դպրոցների ֆինանսավորման մոդելը։ Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման առաջարկվող փոփոխություններին՝ փոխնախարարը նշել է, որ նախատեսվում է տնօրենի գործառույթներից տարանջատել վարչատնտեսական հատվածը՝ նրան վերապահելով կրթության որակի և բովանդակության պատասխանատվությունը։ Վարչատնտեսական ղեկավարումը կիրականացվի կենտրոնացված կարգով, իսկ տնօրենին կվերապահվի միայն կրթության որակի ապահովման խնդիրը:

Նախագծով առաջարկվում է նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխություն ատեստավորման միջոցով: «Այս տարի փորձարկվել է կամավոր ատեստավորման գործընթացը, և առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնելու ատեստավորման գործիքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում, քանի որ Կառավարությունը մտադիր է վերանայել ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը՝ նախագծում կատարելով համապատասխան լրամշակում: Առաջարկն ընդունվել է:

Նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն նաև խորհրդարանական լսումներ՝ հաշվի առնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկը։ Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ` օրենքն իսկապես կենսունակ կլինի այն բոլոր շահառուների հետ քննարկելու պարագայում: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն են հայտնել շահագրգիռ անձանց հետ շարունակելու քննարկումը և, ըստ անհրաժեշտության, լրամշակելու նախագիծը։