Նախագահական նստավայրում տեղի է ունեցել «Աշակերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագրի շրջանակում կազմակերպված «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը:

Ծրագիրը Ժնևի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում են «Միասին» հիմնադրամը և շվեյցարական ‹‹GAN›› կազմակերպությունը: Նպատակը մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների՝ ուսումնական հաստատությունից աշխատաշուկա սահուն անցումը ապահովելն է:

Ծրագրում ընդգրկվել են Շիրակի, Լոռիի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի 16 կրթական հաստատություններ և երկու կրթօջախ էլ Երևանից:

Ողջունելով ծրագրի իրականացումը և մրցանակաբաշխության կազմակերպումը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երիտասարդ սերնդի համար կարևոր է համարել տաղանդի բացահայտումն ու մասնագիտության մեջ արհեստավարժ դառնալը: «Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն ինչ-որ ասպարեզում տաղանդ ունի: Արհեստավարժությունն այն է, ինչին պետք է ձգտեք տարիների ընթացքում: Տաղանդից դեպի պրոֆեսիոնալիզմ երկար ճանապարհ է: Այդ ճանապարհն, իհարկե, հեշտ չէ: Պետք են նվիրում, սեր ընտրած մասնագիտության հանդեպ, ինչպես նաև երկար տարիների կարգապահ աշխատանք,- ընդգծել է նախագահը և ավելացրել,-բացի տաղանդից և արհեստավարժությունից, սիրուց և նվիրվածությունից՝ երրորդ բաղադրիչը կա՝ ուսուցիչ, վարպետ ունենալը»: Միջոցառման ընթացքում խրախուսվել են ծրագրի մասնակից բոլոր երիտասարդները, իսկ 10 լավագույնները խորհրդանշական մրցանակների են արժանացել: Շնորհակալագրեր են հանձնվել նաև ծրագրում ներգրավված կրթական հաստատությունների ներկայացուցիչներին և գործատուներին: