Ռուսական արվեստի թանգարանում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, կբացվի «Հին Նոր տարի» եզակի ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ կցուցադրվի Մարինա Խաչմանուկյանի՝ տիկնիկների մասնավոր հավաքածուն։

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն խորհրդային տիկնիկներն ու խաղալիքները, որոնք զարդարել են Սուրբ ծննդյան և Ամանորի տոնական օրերը: Մասնավորապես, կցուցադրվեն հազվագյուտ, վինիլային տիկնիկներ՝ պատրաստված այնպիսի աշխարհահռչակ վարպետների կողմից, ինչպիսիք են Մադամ Ալեքսանդրը և Դիանա Էֆները, տոնածառի խաղալիքներից էլ ցուցադրվել է եգիպտացորենը, որը շարունակաբար արտադրվել է խորհրդային իշխանության տարիներին։

Կցուցադրվի գերմանական «Armand Marseille» գործարանում ստեղծված փոքրիկ ճենապակյա տիկնիկը, որն ավելի քան 100 տարեկան է:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 14-ը:

«Հին Նոր տարի» ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն թեմատիկ էքսկուրսիա և կրթական ծրագիր, որոնց ընթացքում այցելուները, ճանապարհորդելով դեպի անցյալ, հնարավորություն կունենան իմանալու, թե ինչպես են տարբեր ժամանակներում դիմավորել և տոնել Նոր տարին, ինչ խաղալիքներով են զարդարել տոնածառը, և լսելու զվարճալի պատմություններ հին տիկնիկների մասին: