Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերով և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձեռք է բերվել գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբաս:

Արման Պադարյանի նշմամբ՝ տարիներ առաջ, երբ Ֆիլհարմոնիկում սկսվել է նոր գործիքների՝ գալարափողերի, հոբոյների, ֆագոտների ձեռքբերման գործընթաց, այդ ցանկում ավելացել են նաև կոնտրաբասները: Հայաստանում, կարելի է ասել, այդ գործիքը ‹‹կարմիր գրքում›› է գրանցված: Գիտակցելով, որ առանց որակյալ գործիքի անհնար է կատարողական բարձր մակարդակի հասնել, Ֆիլհարմոնիկը Հայկական բարեգործական ընդհանուր միությանը կից ‹‹Շալջյան ընտանիքի›› (‹‹Shaldjian Family››) դրամաշնորհի շրջանակում ձեռնարկել է կոնտրաբասների ձեռքբերման աշխատանքները, ինչն այնքան էլ դյուրին գործընթաց չէր, քանի որ պատվերին հաջորդել է համավարակը՝ իր բոլոր հետևանքներով: Կոնտրաբասները համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ Երևան են հասել մոտ երկուսուկես տարի անց:

Մինչ պատվերի իրականացումը Արման Պադարյանը, Էդուարդ Թոփչյանը և Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնտրաբասների խմբի կոնցերտմայստեր Կարեն Խաչատրյանը մանրամասն ուսումնասիրել են մի քանի լավագույն վարպետների աշխատանքներ և ընտրել «Emmanuel Wilfer»-ի կոնտրաբասները, քանի որ ընկերությունն առաջարկել է որակի և գնի ձեռնտու տարբերակ: Ընկերությունը պատրաստում է նվագախմբային շատ լավ հնչողությամբ կոնտրաբասներ. գործիքներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են, որոշներն ունեն նաև գեղեցիկ ‹‹առյուծագլուխներ››:

Նշենք, որ «Emmanuel Wilfer» ընկերության արտաքնապես և հնչողությամբ գեղեցիկ կոնտրաբասներն արդեն Ֆիլհարմոնիկում են, և նվագախմբի համերգներն այսուհետ կանցնեն դրանց կիրառմամբ: