ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժորը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։
Ծրագրում կհնչեն Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունները:
Լյուք Բաղդասարյանը ծնվել է Շվեյցարիայում և բավական հայտնի է եվրոպական լսարանին: Առաջին անգամ նա՝ որպես դիրիժոր, ելույթ է ունեցել 21 տարեկանում: Լյուք Բաղդասարյանը նաև հայտնի դաշնակահար է, սակայն այժմ ավելի շատ դիրիժորությամբ է զբաղվում. ամեն տարի՝ ապրիլի 24-ին` Եղեռնի տարելիցին, լարային կազմով ելույթ է ունենում Կոմիտասի ստեղծագործություններով: Լյուք Բաղդասարյանը ժամանակակից երաժշտություն շատ չի կատարում, նախընտրում է ավանդական դասական երաժշտությունը: Հայ ժամանակակից կոմպոզիտորներից սիրում է Միրզոյանի և Աճեմյանի արվեստը:
Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ են ունենում արտիստներ, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում հայազգի արտիստներին ներկայացնելով ու նրանց ձայնն ավելի լսելի դարձնելով՝ ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդելու Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու ամրապնդելու Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը:
Նախագծի շրջանակում ավելի վաղ Երևանում համերգով ներկայացել են սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը և կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը։