ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանն այցելել են Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ բնակավայր` ծանոթանալու համայնքային զարգացման նորաբաց կենտրոնի աշխատանքին:
Գյուղապետարանի վարչական շենքում տեղակայված զարգացման կենտրոնը ստեղծվել է Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նախաձեռնությամբ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Զարգացման կենտրոնը նորոգվել է, կահավորվել, հագեցվել համակարգչային տեխնիկայով և այլ անհրաժեշտ պարագաներով: Կենտրոնի կազմում կգործի գրադարան, կապահովվի ինտերնետ հասանելիություն:
Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի փորձագետները, ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացնելով կատարված աշխատանքը, տեղեկացրել են, որ հատկացվել է կենտրոնի պատասխանատուի հաստիք, որի համար արդեն հայտարարված է մրցույթ: Կենտրոնում կկազմակերպվեն քննարկումներ, ժամանցային միջոցառումներ և այլն:
Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը նշել է, որ կենտրոնից կօգտվեն նաև հարակից բնակավայրերի բնակիչները, հիմնականում՝ երիտասարդները և բարձր դասարաններում սովորողները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու թե՛ կենտրոնի բովանդակային հագեցվածության, թե՛ աշխատակազմի ու համայնքի երիտասարդների կարողությունների զարգացման առումով:
Աշխատանքային խմբի փորձագետ Կարեն Բալյանի տեղեկացմամբ` զարգացման կենտրոնի բացման առաջարկը Դավիթ Բեկի դպրոցի աշակերտներն են ներկայացրել: ‹‹Մտահղացման հեղինակը Դավիթ Բեկի երեխաներն են, մենք ընդամենն իրականացրել ենք նրանց ցանկությունը»,- նշել է նա:
Նախատեսվում է հիմնել զարգացման կենտրոններ նաև Սյունիքի մարզի Եղվարդ, Ծավ, Սյունիք բնակավայրերում:
Սյունիքի հարցերով միջգերատեսչական խումբը ստեղծվել է 2021 թվականի հունվարին 15-ին. այն նպատակ ունի մարզում իրականացնելու տարբեր ոլորտների՝ հրատապ լուծում պահանջող ծրագրեր: