ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող, ազգությամբ հայ Նիկոլայ Միխայլովին։
Ն. Միխայլովին՝ որպես որմնանկարների վերականգնման բնագավառի փորձառու մասնագետի և խորհրդատուի, հրավիրել և ընդունել են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և տեղակալ Լուսինե Իգիթյանը:
Այցի շրջանակում կազմակերպվել է այցելություն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հուշարձաններ, մասնավորապես՝ 1900 թ․ կառուցված բաղնիք, որի ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլն ընթացքի մեջ է, 1664 թ․ կառուցված կամուրջ, վաղ միջնադարյան Կարմրավորի Սբ. Աստվածածին (7-րդ դ․), Ծիրանավոր (5-րդ դ․), Սպիտակավոր (13-րդ դ․) եկեղեցիներ և Պ․ Պռոշյանի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին, ծառացած խնդիրները քննարկելու և դրանց հնարավոր լուծումները գտնելու նպատակով։
Որմնանկարների վերականգնման փորձառու մասնագետի հետ հանդիպման բուն նպատակն էր ուսումնասիրել Կարմրավոր եկեղեցու՝ մի քանի տարի առաջ իրականացված որմնանկարների վերականգնումը, դրանց տեխնիկական վիճակը վերականգնումից հետո և քննարկել պահպանության հետագա խնդիրները։ Այցի արդյունքները կամփոփվեն փորձագետի տրամադրած փորձագիտական եզրակացությամբ։
Հանդիպման ավարտին Ն․ Միխայլովի՝ որպես փորձագետ-խորհրդատուի հետ որմնանկարների վերականգնման բնագավառում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հետագայում ևս օժանդակելու և աջակցելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվել: