Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի «Musée National d’Art Moderne» ցուցադրությունների սրահում տեղի կունենա Ս Փարաջանովի «Տրիպտիխի»՝ «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.), ցուցադրությունը։ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի՝ Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով։

Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոն և «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից։ Վերականգնումը հովանավորել են «Ֆիքսաֆիլմ» և «Կինոկլասիկա» կազմակերպությունները։ Վերականգնված ֆիլմերի նոր՝ 35 մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը /ՀԲԸՄ/՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), «Դովժենկո» կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական ​​արխիվային հավաքածուների համար։

Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր՝ «Հայ կինոյի դասականներ» ծրագրի համակարգող և ֆիլմերի վերականգնման փորձագետ, բրիտանացի Դանիել Բըրդի պրեզենտացիայով։