ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։

Ծրագրի շրջանակում անցկացվել են աթլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի մրցումներ։ Խաղերին մասնակցել են 22 բարձրագույն ուսումնական հաստատությունների 1020 ուսանող մարզիկներ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով ուսանողական խաղերի հաղթողներին ու մասնակիցներին, կարևորել է մասսայական սպորտի զարգացման համատեքստում ավանդույթ դարձած այս մրցաշարի անցկացումը. «Շնորհավորում եմ ուսանողական խաղերի բոլոր մասնակիցներին և հաղթողներին: Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության և վարչապետի մակարդակով շատ է կարևորվում մասսայական սպորտի զարգացումը, և կարծում եմ՝ ուսանողական խաղերը լիովին ներառվում են մասսայական սպորտի շրջանակում: Այս իմաստով՝ կրկնակի ողջունելի է երկար տարիների ավանդույթ դարձած այս մրցաշարի անցկացումը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ընդգծել է, որ նախարարությունն իր առաջնահերթություններից է համարում մասսայական սպորտի զարգացումը. «Ուսանողական խաղերն աշխարհում ունեն իրենց ուրույն տեղը: Այն օլիմպիական խաղերից և բանակայինների՝ աշխարհի առաջնությունից հետո, թերևս, երրորդն է: Մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ այս շարժման մեջ ունենանք մեր ճիշտ տեղն ու դիրքը:

Ամեն ինչ պետք է անենք, որ այս խաղերը ձևական բնույթ չկրեն, պետք է նվիրվենք, հասկանանք, որ սա բոլորիս է պետք, ազգին է պետք. առողջ ուսանող՝ նշանակում է առողջ ապագա: ԿԳՄՍ նախարարությունն իր առաջնահերթություններից է համարում մասսայական սպորտն ու ուսանողական մարզական խաղերը: Ամեն ինչ կանենք, որ ապագայում դրանք լինեն առավել պրոֆեսիոնալ»:

Նշենք՝ ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրաված բուհերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներով։

Ընդհանուր թիմային հաշվարկով երրորդ տեղն է գրավել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանը, իսկ պատվավոր առաջին տեղը գրավել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը:

Հուշանվերներով են պարգևատրվել լավագույն մարզիկները.

Ֆուտզալ մարզաձևից՝ Նարեկ Գասպարյանը (Հայաստանի ազգային տնտեսագիտական համալսարան),
Վոլեյբոլ մարզաձևից՝ Վիկա Կոշկարյանը (Երևանի պետական համալսարան),
Վահե Նազարյանը (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ),
Բասկետբոլ մարզաձևից՝ Արևիկ Ճշմարիտյանը (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ),
Մխիթար Վարդանյանը (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ):

Շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով նախատեսված 8 մարզաձևերի գլխավոր մրցավարները:

Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև խաղերում լավագույն արդյունք ցույց տված բուհերը՝

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը,
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը,
Հայ-ռուսական համալսարանը,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը,
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը,
Եվրոպական համալսարանը։