ՀՀ կառավարության` դեկտեմբերի 9-ի որոշմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի 14 դպրոցների համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց: Այս նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2021 թվականի տնտեսված միջոցներից, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, 54 մլն 100 հազ. դրամ գումարը կհատկացնի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին:

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» 2011 թվականից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիաներ հիմնելու ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը` նրանց ուղղորդելով դեպի տեխնիկական կրթություն: Այս պահին ՀՀ-ում և Արցախում ներդրված 588 ‹‹Արմաթ›› ինժեներական կենտրոններում գործում են 906 լաբորատորիաներ:

Ըստ հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ հանրակրթական դպրոցներում ներդրված է նոր առարկա` «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», որը ներառված է բնագիտության, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԲՏՃՄ) բնագավառներում:

Նոր առարկայի հիմքում դրված են չորս հիմնական գաղափարներ.

  • Հաշվողականություն (Computing) ու հասարակություն:
  • Թվային գործիքներ ու համագործակցություն:
  • Համակարգչային սարքեր և համակարգեր:
  • Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն:

Չափորոշչում ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները սահմանված են ըստ կրթական աստիճանների և դասարանների։

Դպրոցները, իրենց առանձնահատկությամբ և տեխնիկական հագեցվածության մակարդակով պայմանավորված, հնարավորություն կունենան ընտրելու, թե ինչպես է դասավանդվելու «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան: