ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ անցկացրել է սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։

Առաջնությանը հաշմանդամություն ունեցող 66 մարզիկ է մասնակցել՝ 12 աղջիկ և 54 տղա Արցախից և Հայաստանի տարբեր քաղաքներից՝ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Տաշիրից և այլն։ Նրանք պայքարել են 10 քաշային կարգերում։

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությանը նաև 44-օրյա պատերազմի արդյունքում հաշմանդամություն ստացած մեր հերոս տղաներն են մասնակցել․ «Առաջնությունն անցկացվել է շատ բարձր մակարդակով՝ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Բոլոր մարզիկներն էլ բավականին լավ արդյունքներ են ցուցադրել։ Մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ 44-օրյա պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած մոտ 12-13 մասնակից ունեցանք, որոնց մեծ մասը, ի դեպ, մրցանակային տեղեր զբաղեցրին։ Այս կարճ ժամանակում նման արդյունքն իսկապես շատ ոգևորիչ էր»։

Սարգիս Ստեփանյանը կարևորում է նաև պետական աջակցությունը հաշմանդամային սպորտին․ «Առաջին տարին էր, որ ֆինանսավորում ստացանք նախարարության կողմից, որի համար շատ շնորհակալ ենք։ Սա արդեն երրորդ մրցաշարն էր պետական ֆինանսավորմամբ․ ամռանը նաև Հայաստանի բազկամարտի առաջնությունն էինք անցկացրել, իսկ օրեր առաջ Ռումինիայում մասնակցեցինք բազկամարտի աշխարհի առաջնությանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները Բուխարեստում կայացած աշխարհի առաջնությունում ձախ ձեռքով նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե, իսկ աջ ձեռքով՝ 1 արծաթե և 1 ոսկե մեդալ։

«Աշխարհի առաջնությունում իսկապես աննախադեպ արդյունքներ գրանցեցինք։ Նման արդյունքներ հաճախ չեն լինում։ Եվ այդ նույն մարդիկ մի քանի օր անց վերադարձան ու մեդալներ նվաճեցին նաև սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունում։ Սա այդքան էլ հեշտ չէ»,- ընդգծում է Սարգիս Ստեփանյանը։

Նշենք նաև, որ մրցանակների հանձնման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Տարբեր քաշային կարգերում տղաների և աղջիկների պայքարում սեղմում հենարանից վարժությունից Հայաստանի չեմպիոն են հռչակվել

Աղջիկներ

Մինչև 50 կգ՝ Բարսեղյան Վարդուհի
Մինչև 55 կգ՝ Մանուկյան Սվետլանա
Մինչև 61 կգ՝ Մելքոնյան Արևիկ
Մինչև 67 կգ՝ Գրիգորյան Լենա
Մինչև 86 կգ՝ Մեսրոպյան Նաիրա

Տղաներ

Մինչև 49 կգ՝ Բաբայան Արթուր
Մինչև 54 կգ՝ Հարությունյան Սարգիս
Մինչև 59 կգ՝ Հովհաննիսյան Վարդան
Մինչև 65 կգ՝ Մխիթարյան Հարություն
Մինչև 65 կգ՝ Լսողական խանգարումով մարզիկներ՝ Առաքելյան Նարեկ
Մինչև 72 կգ՝ Միրիբյան Սարգիս
Մինչև 80 կգ՝ Ղահիրյան Գարիկ
Մինչև 88 կգ՝ Հարությունյան Իգոր
Մինչև 88 կգ՝ Լսողական խանգարումով մարզիկներ՝ Ազիզյան Ռաֆայել
Մինչև 97 կգ՝ Հովհաննիսյան Սերոբ
Մինչև 107 կգ՝ Մելքոնյան Լիպարիտ
107 կգ և ավելի՝ Պողոսյան Ռոմիկ

Բացարձակ քաշային կարգ՝ Մխիթարյան Հարություն