Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող մրցույթի արդյունքներն ամփոփվել են Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 2-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի» կոնվենցիան: Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:

Մրցույթն անցկացվել է 2 անվանակարգում՝ «Հեռուստա/ռադիո արտադրանք» և «Տպագիր և էլեկտրոնային նյութեր»։ Մրցույթին ներկայացվել են 2021 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն արծարծող տպագրված լրագրողական նյութեր՝ միայն «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում:

Մրցույթի անցկացման նպատակը զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացումն է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման գործընթացում: Մրցույթին կարող էին մասնակցել 2021 թվականի ընթացքում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման աշխատանքներ իրականացրած հեռուստաալիքների, ռադիոյի, տպագիր և առցանց լրատվամիջոցների լրագրողները, բլոգերները, ազգային, մարզային, տեղական ԶԼՄ-ները և բուհերի՝ լրատվության բաժինների ուսանողները:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրականացրած այս մրցույթի նպատակը ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը լուսաբանող լրագրողներին խրախուսելն է, մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացմանը նպաստելը»,- ողջունելով ներկաներին՝ ասել է Գոհար Մամիկոնյանը: Նա շնորհավորել է հաղթող լրագրողներին և շնորհակալություն հայտնել մասնակցության համար:

Ըստ Գ. Մամիկոնյանի՝ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և դրա դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, մարդկանց գիտելիքներ փոխանցելու և մարդկանց զգոնությունը այս երևույթների նկատմամբ արթնացնելու ուղղությամբ ԿԳՄՍՆ-ն իրականացնում մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում՝ antitrafficking.am կայքի պահպանումը, երիտասարդների շրջանում թրաֆիքինգի դրսևորումների և դրանք ճանաչելու և կանխարգելելու վերաբերյալ դասընթացների իրականացումը, որի շրջանակում շուրջ 200 երիտասարդներ՝ Երևանից և մարզերից, ձևավորում են գիտելիքներ և հմտություններ:

Համաձայն մրցույթի կարգի և ժյուրիի գնահատման արդյունքների՝ ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի հաղթողներն են.

  1. Առաջին կարգի մրցանակի է արժանացել Արաքս Մամուլյանը («Հետք» լրատվական գործակալություն),
  2. Երկրորդ կարգի մրցանակի է արժանացել Սոնա Մարտիրոսյանը (JAMnews լրատվական գործակալություն),
  3. Երրորդ կարգի մրցանակի է արժանացել Լիլիթ Դեմուրյանը («Արմենպրես» լրատվական գործակալություն)։

Հաղթողներն իրենց շնորհակալական խոսքում հույս են հայտնել, որ ապագայում այլևս առիթ չի լինի նման մրցույթ անցկացնելու՝ կապված Հայաստանում թրաֆիքինգի դեպքերի նվազման հետ: