Երևանում տեղի են ունեցել «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության›› ծրագրի գործողությունների ներկա իրավիճակը և 2022-ի պլանները. երիտասարդական քաղաքականության հզորացումը Հայաստանում» կլոր սեղան քննարկումները:

Քննարկումների նպատակն էր գնահատել ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության ձեռքբերումները, երիտասարդական քաղաքականության ներկա իրավիճակը և մեկնարկել ապագային միտված ծրագրերը, համատեղել ջանքերը՝ խթանելու երիտասարդների նշանակալից մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին, զբաղունակությունը երիտասարդության շրջանում, սոցիալական ձեռներեցությունը:

Երկօրյա հանդիպումների ընթացքում (նոյեմբերի 29-ից 30-ը) քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա շեշտադրել է երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում Եվրոպական միության փորձագիտական աջակցությունը և կարևորել այդ քաղաքականության իրականացման համատեքստում ԵՄ-ի կողմից երիտասարդական բազմաթիվ ծրագրերի իրականացումը «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության», ինչպես նաև ԵՄ բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են՝ «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի», «Էրազմուս+» և այլն: Փոխնախարարը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ հրավիրյալ փորձագետներին, որոնք Հայաստան էին ժամանել՝ կազմակերպելու «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության» ծրագրի երկրորդ շրջափուլն ամփոփող երկօրյա աշխատաժողովը՝ ուղղված արդյունքների ամփոփմանը և երրորդ շրջափուլի առաջնահերթությունների ուղենշմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում երիտասարդական քաղաքականության շրջանակում երիտասարդության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը առաջիկա հինգ տարիների ընթացքում: Մասնավորապես կարևորվել են մարզային երիտասարդական միջավայրերի ստեղծումը, միջոլորտային ցանցային համագործակցության հաստատումն ու հարակից ոլորտների ռազմավարություններում և քաղաքականություններում երիտասարդական առաջնահերթությունների շեշտադրումը: Երիտասարդական արդյունավետ պետական քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ են պետական կառույցների սերտ համագործակցությունը և հանձնառությունը՝ համատեղ իրականացնելու երիտասարդական ոլորտում պետության ստանձնած պարտավորությունները, որոնք ուղղված են անվտանգության սրընթաց փոփոխվող պայմաններում անհատի, հասարակության և պետության կայուն զարգացման, պետության հավակնոտ, երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործման հնարավորությունների ստեղծմանը։

Երկօրյա աշխատաժողովը կազմակերպվել է «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության. երիտասարդության ներգրավման ճանապարհային քարտեզը» ծրագրի շրջանակում՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի համակազմակերպմամբ: