Գիտության ոլորտում ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար 15 կազմակերպությունների տրամադրվել է աննախադեպ մեծ գումար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. նոյեմբերի 30-ի N 1996-Ա/2 հրամանով հաստատվել է հունիսին հայտարարված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը:

Մրցույթի շահառու են դարձել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված 15 կազմակերպություններ, որոնց կտրամադրվի 1 միլիարդ 354 միլիոն ՀՀ դրամի աջակցություն՝ 28 հայտով ներկայացված սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար: Թե՛ տրամադրվող գումարի չափով, թե՛ ձեռքբերվելիք սարքերի թվով այս մրցույթն էականորեն տարբերվում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար նախկինում հայտարարված մրցույթներից:

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար անցկացված մրցույթին հայտեր ներկայացրել են այն կազմակերպությունները, որտեղ տեղակայվելու են տվյալ սարքավորումները: Դրանցից կարող են օգտվել նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ. սարքերի համատեղ օգտագործման պահանջը մրցույթի հիմնական պայմաններից էր:

Սարքերն ու սարքավորումները ձեռք են բերվելու ոչ միայն Գիտության կոմիտեի տրամադրած միջոցներով. մրցույթի պահանջներով՝ անհրաժեշտ գումարի մի մասը ՀՀ արտաբյուջետային միջոցներից տրամադրելու են համաֆինանսավորող կազմակերպությունները: