ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրվել է դրամաշնորհային աջակցության հուշագիր, որով նախատեսվում է հիմնանորոգել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզը:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը և Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Մհեր Մկրտչյանը։

Ավելի քան 90 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային աջակցությունը հատկացվում է Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բարելավել Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի շենքային պայմանները:

ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանատանն աջակցության համար՝ նշելով, որ բարելավված միջավայրը կնպաստի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանը: Ընդգծելով, որ հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններն ունեն կարևոր նշանակություն Հայաստանի կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների համար, նա փաստել է, որ վերջին երկու տարիների ընթացքում կրթության և մշակույթի ասպարեզներում նմանօրինակ՝ Ճապոնիայի դեսպանության կողմից դրամաշնորհային ծրագրի իրագործման ձևաչափով համագործակցությունը երրորդ նախաձեռնությունն է:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման էլ նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը կարևորում է երեխաների և ուսուցիչների ուսումնական ու աշխատանքային միջավայրի բարելավումը: Տրամադրված միջոցներով նախատեսվում է վերանորոգել մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, խոհանոցը, պատշգամբները և սանհանգույցը:

«Ուրախ ենք արձանագրել, որ ծրագրի արդյունքում ավելի քան 400 երեխաներ և ուսուցիչներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից»,- ասել է դեսպանը:

Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանն աջակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանատանը: Նա նշել է, որ պայմանների բարելավման շնորհիվ կբացվի 30 երեխայի համար նախատեսված հավելյալ խումբ, որն Էջմիածին համայնքի բնակիչների համար սպասված իրադարձություն է: