Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան:
Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի հսկա, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ շնորհավորելու և պատվելու Վարպետի վաստակը: Նշենք, որ վերջերս լույս է տեսել նաև Արտավազդ Փելեշյանի՝ մոր հիշատակին նվիրված հուշագրությունը՝ «Դու ֆիլմեր արա՛ ու լռի՛ր» գիրքը:
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Վարպետին Ամստերդամում ստացած համաշխարհային մրցանակի, «Բնություն» ֆիլմի ցուցադրության և լույս ընծայած գրքի կապակցությամբ:
Նախարարն ընդգծել է, որ մեծ հպարտություն է ապրում՝ սեղմելով աշխարհահռչակ արվեստագետի ձեռքը. «Ձեր ստեղծագործություններն արվեստի, գաղափարի, մարդկային մտքի առանձնահատուկ թռիչքներ են. գագաթնակետը «Բնություն» ֆիլմն է, որի պրեմիերային անհամբեր սպասում ենք նաև Հայաստանում»:
Անդրադառնալով «Դու ֆիլմեր արա՛ ու լռի՛ր» գրքին՝ Վահրամ Դումանյանը նկատել է՝ վերնագիրը հենց իր՝ մշակութային հսկա Փելեշյանի բնութագիրն է. ինքը լուռ է, փոխարենն իր ֆիլմն ու արվեստը խոսում են ամբողջ աշխարհում:
Նախարարը Վարպետին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործելու ուժ ու եռանդ և խաղաղ պայմաններ, որպեսզի շարունակվի նրա դպրոցը, զարգանա, նոր ծիլեր ու պտուղներ տա:
Վարպետը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և այդ կերպ ևս իր գործն արժևորելու համար: Նա, վերհիշելով իր վաղ շրջանի գործունեությունը, պատմել է, որ դեռևս համալսարանի ավարտական շրջանում իրեն միանգամից շնորհվել է գեղարվեստական, դոկումենտալ (փաստավավերագրական) և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսորի որակավորում, և միանգամից 3 դիպլոմ է ստացել:
Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Փելեշյան ռեժիսորի ֆիլմերի առանձնահատկությունների, գեղարվեստական արժեքի շուրջ՝ հիմնականում անդրադառնալով «Մենք» ֆիլմին:
Եվ ինչպես տեղեկացրել է Վարպետը, այս պահին ևս նրա ստեղծագործական գործունեությունը բուռն ընթացքի մեջ է. նա այժմ գրում է 2 սցենար՝ նախատեսված «Սև և սպիտակ երազներ» ֆիլմի և օպերային բեմադրման համար: