«Աստղագիտություն» առարկայի դպրոցականների միջազգային և Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ առցանց օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների ցանկը:

Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կստանան 2021 թվականի նոյեմբերի 14-21-ն առցանց ձևաչափով անցկացված «Աստղագիտություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայի մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալակիրները, ինչպես նաև եզրափակիչ փուլի երեք մասնակիցները, որոնցից երկուսն արժանացել են գովասանագրերի:

Կրթաթոշակ կստանան նաև 2021 թվականի օգոստոսի 24-28-ը Ռումինիայում առցանց ձևաչափով կայացած Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ օլիմպիադայում արծաթե և բրոնզե մեդալի արժանացած մասնակիցները:

Նշենք, որ անվանական կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1 միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,

եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ,

2 միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,

3 ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։