Այս տարի հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) նշում է 70-ամյա հոբելյանը:
Բարձր գնահատելով անվանի արվեստագետի՝ համաշխարհային մշակույթում ունեցած ներդրումը՝ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Նամինին՝ ի արժևորումն նրա գործունեության և հոբելյանի: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Ստաս Նամինին՝ հիացմունք հայտնելով նրա տաղանդի բազմակողմանիության, ստեղծագործական գործունեության լուսավոր հետագծի վերաբերյալ։
Նախարարը հատկապես ընդգծել է. «Մտքի ու նրբաճաշակության արտահայտություններ են նաև Ձեր վավերագրական ֆիլմերը, որոնց շարքում մեզ՝ հայերիս համար, թանկ է հատկապես «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմը։ Եվ ֆիլմում հայտնած Ձեր այն միտքը, որ չնայած Հայաստանն այժմ փոքր է, բայց և այնպես հավերժորեն մնում է ժողովրդի անհաղթահարելի ոգին, այսօր՝ մեր բարդ ժամանակներում, հնչում է այլ ուժգնությամբ։ Եվ 70-ամյա հոբելյանի շրջանակում Ձեր ներկայությունը Հայաստանում ոգևորում և գոտեպնդում է մեզ»։
Ստաս Նամինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար և հույս հայտնել, որ Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն և փոխադարձ հարաբերությունները կզարգանան նոր ուղով:
Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում նախարար Վ. Դումանյանը հատկապես կարևորել է Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը:
Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը և Ստաս Նամինը փոխանակվել են հուշանվերներով՝ պայմանավորվելով առաջիկայում հստակեցնել մշակութային համագործակցության հեռանկարները:
Նշենք, որ Ստաս Նամինի 70-ամյակի շրջանակում կկայանա հոբելյանական համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նրա ստեղծագործությունները: