Բասկետբոլի VBET Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 2021/2022 մրցաշրջանի շրջանակում օրերս մի քանի հանդիպում է կայացել:

Առաջատար «Ուրարտուն» տոնել է վեցերորդ հաղթանակը՝ 108-58 հաշվով առավելության հասնելով «Արարատ» ակումբի նկատմամբ: «Ուրարտուն» դեռևս շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր:

Երկրորդ տեղում ընթանում է «Գյումրին»՝ 11 միավորով: Նոյեմբերի 24-ին «Գյումրին» մրցել է ԲԿՄԱ-ի հետ և 111-86 հաշվով զիջել մրցակցին, իսկ նոյեմբերի 28-ին 85-92 հաշվով առավելության է հասել «ԱԻԱ Սթարսի» նկատմամբ՝ տոնելով իր չորրորդ հաղթանակն ընթացիկ առաջնությունում:

Նոյեմբերի 23-ին կայացած խաղում «ԱԻԱ Սթարսը» տոնել է երրորդ հաղթանակը՝ 107-77 հաշվով առավելության հասնելով «Արարատ» ակումբի նկատմամբ: Եվս մեկ հանդիպում կայացել է նոյեմբերի 24-ին. «Էրեբունին» 128-81 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ-ի նկատմամբ՝ տոնելով չորրորդ հաղթանակը: Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը եզրափակում է հենց «Էրեբունին»՝ 6 խաղից հետո վաստակած 10 միավորով:

Առաջիկա օրերին բասկետբոլի VBET Ա-Լիգայի չորս հանդիպում կկայանա: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Էրեբունին» կմրցի ԲԿՄԱ-ի հետ: Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: «Ուրարտուն» վաղը՝ նոյեմբերի 30-ին, կմրցի «ԱԻԱ Սթարս» ակումբի հետ. մեկնարկը 20:00-ին է:

Դեկտեմբերի 1-ին ԲԿՄԱ-ն ուժերը կչափի «Գյումրիի» հետ: Խաղը կմեկնարկի ժամը 19:15-ին: Դեկտեմբերի 2-ին էլ «Էրեբունին» կմրցի «Ուրարտուի» հետ: Այս խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին:

Բասկետբոլի VBET Ա-Լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: