ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներ) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը Հայաստանի Հանրապետության՝ 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար:
Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող են հավատարմագրվել.
- Հայկական սպորտը լուսաբանող առնվազն շաբաթական պարբերականությամբ վերլուծական ծրագիր/հաղորդում ունեցող, լուրերի բլոկում հայկական սպորտը լուսաբանող առանձին ծրագիր ունեցող հեռուստաընկերությունները կամ ռադիոընկերությունները,
- հայկական սպորտը լուսաբանող տպագիր լրատվամիջոցները,
- ամբողջությամբ սպորտային կամ սպորտային բաժին ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցները։
Հավատարմագրվելու համար լրատվամիջոցները մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 18։00-ն, info@escs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետք է ուղարկեն լրատվամիջոցի ղեկավարի հաստատած դիմումը՝ նշելով լրատվամիջոցի անվանումը, ԶԼՄ-ի հասցեն, լրատվամիջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրողի ազգանունը, անունը, հեռախոսահամարը, բնակության հասցեն, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը՝ կցելով լուսանկար:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցի հավատարմագրման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության տրամադրած վկայականի լուսապատճենը և բնօրինակը։
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման վկայական չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվամիջոցի առանձնացված ստորաբաժանումը։
Հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները կտեղեկացվեն ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության օրվա, ժամի և անցկացման վայրի մասին (տեղեկատվությունը լրատվամիջոցին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով իրազեկումը)։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-599-612, 091-77-88-91 (Կարինե Մանուկյան):