Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի 70-ամյակին նվիրված համերգ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգահանի հոբելյանին նվիրված երեկոյին ելույթ են ունեցել հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան)։

Համերգին հնչել են Երվանդ Երկանյանի խմբերգային և գործիքային ստեղծագործությունները:

Նշենք, որ Երվանդ Երկանյանը 1987-1994 թթ. եղել է հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը այդ տարիներին մշակել է ավելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թվականից եղել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի ղեկավար, 1996 թվականից՝ «Հայաստան» նվագախմբի ղեկավար, 1999 թվականից՝ «Մադրիգալ» անսամբլի ղեկավար, 2000 թվականից՝ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրեն։

Երվանդ Երկանյանի գործերը հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր։