Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել է համերգային երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին: Միջոցառումը կկայանա նոյեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. այն կրում է «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագիրը:

Համերգին կհնչեն Թարիվերդիևի սիմֆոնիկ ստեղծագործությունները (սյուիտ՝ «Աղջիկը և մահը» բալետից, Ջութակի թիվ 1 կոնցերտը, կոմս Կալիոստրոյի արիան՝ «Կոմս Կալիոստրո» օպերայից) և կինոերաժշտության ընտրանին՝ գրված «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ոսկե գետակը», «Ուղևորը հասարակածից», «Օլգա Սերգեևնա», «Գաղտնի գործակալի ճակատագիրը», «Գիշերային զվարճանքներ», «Ես խոստացել եմ, ես կգնամ» ֆիլմերի համար։ Նշենք, որ Թարիվերդիևը հեղինակել է շուրջ 130 ֆիլմի երաժշտություն։ Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Հայկ Կազազյանը, բարիտոն Գևորգ Հակոբյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Միքայել Թարիվերդիևի կոմպոզիտորական տաղանդը դրսևորվել է վաղ հասակում. առաջին բալետը նա գրել է 13 տարեկանում։ Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Նա արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների։