ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացումն ու կատարելագործումը» կլոր սեղանների շարքի ամփոփիչ միջոցառմանը, որն անցկացվել է «Աշխատուժի զարգացում. կրթությունը՝ նախակրթարանից մինչև բուհ» թեմայով:

Կլոր սեղանների շարքը կազմակերպել էին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (Ամերիկյան խորհուրդներ) հայաստանյան գրասենյակը և Ամերիկայի առևտրի պալատը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, քանի որ ներկայում ԿԳՄՍ նախարարությունը կրթական բարեփոխումների ակտիվ փուլում է, ընդ որում՝ հաշվի են առնվում նաև աշխատաշուկայի պահանջները: «Մեզ համար կարևոր է լսել ներկաների կարծիքը, քանի որ Ամերիկայի առևտրի պալատը ներառում է շուրջ 140 կառույցներ, հետևաբար ակնկալում ենք բիզնեսի և քաղաքացիական հասարակության առաջարկություններն ու նկատառումները իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Ակնհայտ է, որ ներկայում առկա է կրթություն-աշխատաշուկա կապի որոշակի խզվածություն: Այդ առումով՝ խնդիրը միջգերատեսչական համագործակցության տիրույթում է գտնվում, և առկա են Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների համատեղ ջանքերը՝ համապատասխանաբար տնտեսության համար անհրաժեշտ որակյալ կադրերի ապահովման, գործազրկության դեմ պայքարի, աշխատաշուկայի ներկա և կանխատեսելի կարիքների համար կրթության ապահովման խնդիրները հասցեագրելու համար»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Փոխնախարարն այս համատեքստում առանձնացրել է մի շարք կարևոր բաղադրիչներ. դրանք են՝ կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցումն աշխատաշուկայի պահանջներին, աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպումը, մասնագիտական կողմնորոշման կազմակերպման հարցը, ոչ ֆորմալ կրթության զարգացումը, աշխատաշուկայի ներկա և կանխատեսելիք կարիքների գնահատումը, աշխատաշուկայի կարիքների կարևորումը պետության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ բուհական և հետբուհական կրթության տեղերի որոշման մեջ և այլն: Հանգամանորեն ներկայացվել են յուրաքանչյուր ուղղությամբ տարվող աշխատանքները:

Արթուր Մարտիրոսյանի ելույթից հետո ներկաները նրան մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման, ներառական կրթության և քաղաքացիական հասարակության ներգրավման խնդիրներին:

Նշենք, որ անցկացված կլոր սեղանների նպատակն էր համախմբել մասնագիտական կադրերի պատրաստման և զարգացման գործընթացում ներառված առանցքային դերակատարներին, ձևավորել երկխոսության հարթակ և քննարկում ծավալել առկա խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ, ստեղծել համագործակցային կապեր:

Կլոր սեղանների ընթացքում ուսումնական հաստատությունների և Ամերիկայի առևտրի պալատի ընկերությունների ներկայացուցիչներին, ամերիկյան կրթական ծրագրերի շրջանավարտներին հնարավորություն է տրվել արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտելու 21-րդ դարի աշխատուժի կարիքները Հայաստանում: