ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ` բժշկության ոլորտում բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների ուսումնասիրության նպատակով:
Աշխատանքային խմբի ղեկավարը նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է, ընդգրկված են նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, լիցենզավորման գործակալության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, առողջապահության ոլորտի, բժշկական կրթություն իրականացնող բուհերի ներկայացուցիչներ:
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի՝ բարձրագույն կրթության ոլորտը համակարգող տեղակալ Կարեն Թռչունյանը:
Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է մշակի առաջարկներ` լիցենզավորման պահանջներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:
«Մեր առաջնային խնդիրը բարձրագույն կրթության որակի բարելավումն է: Այդ նպատակով պետք է վերանայենք լիցենզավորման պայմանները, մասնավորապես՝ հստակեցնենք նվազագույն պահանջները: Այս խնդիրն առկա է բոլոր ոլորտային մասնագիտությունների համար, սակայն որոշել ենք գործընթացը սկսել բժշկական մասնագիտություններից` հաշվի առնելով այս ոլորտի առաջնային կարևորությունը: Պետք է հասկանանք՝ ինչպիսի պահանջներ ենք սահմանում, և առավել կարևոր է` որքանով ենք դրանք պահպանում»,- նշել է Կարեն Թռչունյանը:
Նրա խոսքով` բարձրագույն կրթության ոլորտում կուտակված խնդիրներ կան, որոնք համակարգային մոտեցում են պահանջում: Ըստ Կ. Թռչունյանի` ՀՀ բուհերում դիպլոմավորման ցուցանիշը բարձր է, գրեթե 100 տոկոսի է հասնում, մինչդեռ աշխարհում միջին ցուցանիշ է համարվում 70-75 տոկոսը: Սրանից, սակայն, չի հետևում, թե մեր երկրում, օրինակ՝ բժշկական կրթության որակն ավելի բարձր է, քան այլ երկրներում, որոնք ավելի զարգացած առողջապահական համակարգեր ունեն: «Այդ դեպքում պետք է հասկանանք, թե ինչու են մեզ մոտ բոլորը համատարած դիպլոմ ստանում»,- շեշտել է նախարարի տեղակալը` հավելելով, որ լիցենզավորմանը զուգահեռ՝ կկիրառվի նաև հավատարմագրումը` որպես կրթության որակի բարելավման գործիք:
«Մեր խնդիրն է կատարել փոփոխություն` ավելի լավ արդյունք ակնկալելով: Ես սա համարում եմ լուծելի խնդիր»,- ընդգծել է Կարեն Թռչունյանը:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն էլ փաստել է, որ լիցենզավորման պահանջների վերանայման նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ բուժծառայության որակի բարելավման առաջին կարևոր քայլը բժշկական կրթության որակի բարելավումն է:
Քննարկման ընթացքում նշվել է, որ լիցենզավորման պահանջների հիմնական փոփոխությունն առնչվելու է լաբորատոր պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական կաբինետների ձևավորմանը: Անդրադարձ է եղել նաև աշխատանքային ձևաչափի հաստատմանը: