Երևանում (Կինոյի տուն) նոյեմբերի 22-ից 27-ը կկայանա ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը։

Հայաստանի Հանրապետության, ԱՊՀ երկրների, ԵԱՏՄ-ի, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտային մասնագետները համատեղ կքննարկեն կինոոլորտում միջպետական համագործակցության կարգավորման հնարավորությունները: Սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանն ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում:

Կդիտարկվեն բոլոր իրավական ձևակերպումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է պահպանվեն միջազգային համագործակցության դեպքում, և կստեղծվեն նախադրյալներ՝ խոչընդոտները կանխելու համար:

««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» սեմինարի աշխատանքները կանցկացվեն 3 հիմնական փուլերով.

  1. Նախագծի մանրամասն մշակում և նախապատրաստական աշխատանքներ,
  2. Սեմինարի շրջանակում իրականացվող աշխատանքներ, պանելային դիսկուրսներ, քննարկումներ փորձագիտական խմբերի հետ,
  3. Վերջնարդյունքի ամփոփում և կինոոլորտի խնդիրների կարգավորմանն ուղղված մեխանիզմների և համակարգի մշակում:

Ծրագրի առանցքային նպատակներից է հայեցակարգերի և իրավական ձևակերպումների միասնական համակարգի ձևավորումը, որը կդառնա համագործակցության հիմնաքարը հատկապես ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Հանրապետության համար։ Քննարկվելու են մասնակից երկրների տարածքում կինոարտադրանքի արտահանման և փոխադրման միասնական սակագին սահմանելու մեխանիզմները։

Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը և «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն: Նախագիծն իրականացվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի աջակցությամբ: