Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 18-ին, կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Ադրբեջանի հետ. գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2:

Հավաքականի կազմում հանդես եկած բոլոր 4 շախմատիստներն էլ կեսական միավոր են վաստակել. Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Շահրիյար Մամեդյարովի, Հայկ Մարտիրոսյանը՝ Թեյմուր Ռաջաբովի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Նիջաթ Աբասովի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ռաուֆ Մամեդովի հետ:

Հայաստանի հավաքականն այս պահին կիսում է 2-6-րդ հորիզոնականները: 10 միավորով առաջատար է Ռուսաստանի ընտրանին:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կկայանան Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Իսպանիայի թիմի դեմ:

Կանանց Հայաստանի հավաքականն էլ 6-րդ տուրում մրցել է Ուկրաինայի դեմ և 1,5։2,5 հաշվով զիջել մրցակցին:

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Աննա Սարգսյանը պարտվել է։ 7-րդ տուրում կանանց ընտրանին կմրցի Սերբիայի հետ: