Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ըստ մարզերի բաշխվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման համար հատկացված պետական միջոցները` վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստում զեկուցել է, որ հատկացված միջոցները նախատեսված են կամավոր ատեստավորման արդյունքում 70 տոկոսից բարձր արդյունքներ ապահոված ուսուցիչներին հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հավելավճար տալու համար: Նախարարը նշել է, որ 30-50 տոկոս հավելավճարներն ուսուցիչները ստանալու են 5 տարվա ընթացքում. համապատասխան միջոցները գալիք տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսված են:

Վահրամ Դումանյանը հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերին անցկացվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում 7-12-րդ դասարաններում դասավանդող «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների համար:

Հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ, որից 478-ը կստանա հավելավճար: 2022 թվականին կամավոր ատեստավորման գործընթաց կկազմակերպվի 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր առարկաների ուսուցիչների համար: Ակնկալվում է, որ գալիք տարի ատեստավորման արդյունքում հավելավճար կստանա ավելի քան 5000 ուսուցիչ:

«2022 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում այդ նպատակով նախատեսվել է 1,3 մլրդ դրամ գումար»,- տեղեկացրել է նախարարը:

Գումար է հատկացվել Գեղարքունիքի մարզի դպրոցներին

Կառավարության հաստատած նախագծով՝ 254 մլն դրամ գումար է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցներին` դպրոցական ճաշարանների նորոգման և գույքով ապահովման նպատակով: Մարզում դպրոցական սննդի ծրագիրը փոխանցվել է ՀՀ պետական բյուջեի հանձնառությանը: Գեղարքունիքի մարզի ավելի քան երկու տասնյակ դպրոց խոհանոցային տարածքների, տանիքների վերանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման խնդիրներ ունի, որոնք լուծում կստանան: Բացի պետական բյուջեի ֆինանսավորումից՝ աշխատանքների իրականացմանը կաջակցի նաև ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը: