«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Ծրագիրը մեկնարկել է գիտաժողովով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը: Զեկուցումներով հանդես են եկել կոմպոզիտոր, կոմիտասագետ, գիտաժողովի կուրատոր և բանախոս Արթուր Շահնազարյանը, ԵՊՀ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը, պատմության և բանասիրության կրկնակի դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, բանասեր Միհրան Մինասյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանագետ, գրականագետ Հայկ Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի գիտաշխատող Աննա Պողոսյանը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Արթուր Շահնազարյանն ընդգծել է Սրվանձտյանին նվիրված գիտաժողովի կարևորությունը և արձանագրել հայ ժողովրդի կյանքում նրա ունեցած ճակատագրական դերակատարումը:

«Նա մեզ համար նորովի է հայտնաբերել մեր հայրենիքը և հայ ժողովրդին: Իրենով էլ սկսվել է հայրենապաշտության մի նոր շրջան»,- ընդգծել է Արթուր Շահնազարյանը և շնորհակալություն հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրինությանը գիտաժողովի նախաձեռնության և կազմակերպման համար:

Գիտաժողովին հաջորդել է «Սասունցի Դավիթ և Քաջ Նազար» խորագրով ցուցահանդեսի բացումը. «Առնո Բաբաջանյան» համերգասրահի երկու ճեմասրահներում ներկայացված էին տվյալ թեմաներով Սրվանձտյանի ուսումնասիրության առարկա դարձած նյութերը։ Ձեռագրերի և տպագիր աշխատությունների հետ ցուցադրված էին նաև աշխարհահռչակ գեղանկարիչներ Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի և նշանավոր այլ արվեստագետների ստեղծագործությունները։

Միջոցառումների շարքը եզրափակվել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած համերգով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի, Կոմիտասի անվան ազգային քառյակի և «Արտասաքս» սաքսոֆոնային քառյակի մասնակցությամբ։

Նշենք, որ ծրագիրն իրականացրել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համագործակցությամբ: