ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը. կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը հիմնականում ուղղվելու է բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը և գիտության զարգացմանը:

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կրթության ոլորտում էականորեն կաճեն կապիտալ ծախսերը. կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն 109 կրթական հաստատություններում, որոնցից 88-ում աշխատանքները կավարտվեն 2022 թվականին։ Միայն ԿԳՄՍ բյուջեով 2022 թվականին կավարտվեն կառուցման և հիմնանորոգման աշխատանքները 56 դպրոցում և 10 մանկապարտեզում, իսկ սեյսմիկ անվտանգության ծրագրի շրջանակում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն ևս 8 դպրոցում և Երևան քաղաքի 16 մանկապարտեզում։

Նախարարն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության ոլորտում ներկայացված կապիտալ բնույթի աշխատանքները չեն ներառում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, որոնց շրջանակում վերջին 3 տարիների ընթացքում ավելի քան 60 նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել՝ ներառելով այս տարվա ընթացքում 29 նախադպրոցական հաստատություններում կատարված աշխատանքները։ Հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև 9 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։

Հանրակրթության ոլորտում կշարունակվեն բովանդակային բարեփոխումները, այդ թվում՝

  • գիտելիքի հետ նաև կարողության զարգացմանն ուղղված և բնագիտական շեշտադրում ունեցող, Տավուշի մարզում ներկայում փորձարկվող հանրակրթության պետական չափորոշչի լրամշակումն ու աստիճանական ներդրումը բոլոր դպրոցներում,
  • նոր չափորոշչին համապատասխան՝ ուսուցիչների վերապատրաստումը,
  • ուսուցման էլեկտրոնային ռեսուրսների և գործիքակազմի զարգացումը։

«Շարունակվելու է ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված քաղաքականությունը: Շուրջ 480 ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում այսօր արդեն կստանա 30, 40 և 50 տոկոս հավելավճար 5 տարի ժամկետով: Հաջորդ տարի դիմելու հնարավորություն կունենան 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները. արդեն 2022 թվականին ավելի քան 5 հազար ուսուցիչ հնարավորություն կունենա կամավոր ատեստավորման միջոցով ստանալու աշխատավարձի 30-50 տոկոս հավելում»,- ներկայացրել է նախարար Վ. Դումանյանը։

Կրթության հասանելիության ապահովման նպատակով կգործադրվեն էական ջանքեր.

  • կընդլայնվի տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերի 940 դպրոցների շուրջ 2100 աշակերտ և 4600 մանկավարժ,
  • էլեկտրոնային ուսուցման համակարգի զարգացման շնորհիվ կապահովվի բոլոր առարկաների դասավանդումն ուսուցչի կարիք ունեցող բոլոր դպրոցներում,
  • գործուղման բարելավված պայմաններով շուրջ 260 ուսուցիչ կգործուղվի բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ:

Նախարարն անդրադարձել է նաև ամառային և թեմատիկ ճամբարների կազմակերպմանը. շուրջ 4400 երեխա մասնակցելու հնարավորություն կունենա: Կընդլայնվի դպրոցականների ռազմամարզական ճամբարների մասնակիցների թիվը՝ այս տարվա 100-ի փոխարեն ընդգրկելով Տավուշի մարզի ավելի քան 1100 11-րդ դասարանցիների։

2022 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծով կշարունակվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական դասարանների և նախակրթարանների սովորողներին սննդով ապահովելու միջոցառումները. ազգային ծրագրի ներկայիս շահառուների թիվը շուրջ 62000 է, որը հաջորդ երկու տարիներին, ներառելով մնացյալ՝ Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերը, կունենա 104000 շահառու։

«Նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ընդլայնվել է ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը՝ ներառելով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի մասնակից սովորողներին, նրանց երեխաներին, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին։ Նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն ստացողների շրջանում պետական նպաստ ստացողների թիվը կդառնա 7843՝ 2021 թվականի 7018-ի փոխարեն, միջին մասնագիտական կրթություն ստացողների պարագայում՝ 25393՝ 2021 թվականի 18397-ի, իսկ բարձրագույն և հետբուհական կրթություն ստացողների շրջանում՝ 19200՝ 2021 թվականի 14500-ի փոխարեն՝ ընդհանուր առմամբ աջակցություն ցուցաբերելով ավելի քան 52000 սովորողի»,- փաստել է նախարարը:

Գիտության ոլորտում նախատեսված է պետական ֆինանսավորման ավելացում 83%-ով, որը, նախնական գնահատականներով, ՀՆԱ-ի մեջ կկազմի 0.48%՝ Հայաստանի ցուցանիշը մոտեցնելով արևելաեվրոպականին: Ինչպես Վահրամ Դումանյանն է նշել, առաջնահերթությունների շարքում են գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացումը, այդ թվում՝ սարքավորումների արդիականացումը. նախատեսվում է շուրջ 1,5 մլրդ դրամի 5 նոր խոշոր սարքավորման ձեռքբերում: Նախատեսվում է թեմատիկ հետազոտությունների 4 նոր մրցույթների իրականացում սփյուռքահայ գիտնականների ներգրավմամբ և միջազգային համագործակցության ընդլայնում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գիտական համագործակցության զարգացման միջոցով, այդ թվում՝ օրերս ստորագրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրով:

Գիտության ոլորտի մյուս առավել կարևոր ծրագիրը 2022 թվականից սկսվող գիտաշխատողների տարակարգման և ըստ այդ տարակարգերի՝ աշխատավարձի սանդղակավորման գործընթացն է, որի արդյունքում գիտության ոլորտի բազային աշխատավարձերն էականորեն կաճեն. ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի 99,000-ի համեմատ՝ 2022 թվականին կրկնապատկվի՝ 2022 թվականին կկազմի շուրջ 200,000 դրամ՝ 2025 թվականին 343,000 դառնալու հեռանկարով:

Մշակույթի ոլորտում նախատեսվող ծախսերը ներկայացնելիս նախարարը նշել է, որ կշարունակվի պետական աջակցությունը մշակութային կառույցներին, ֆիլմերի արտադրությանը, մասնակցությանը միջազգային փառատոներին, պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։

«Մասնավորապես նախատեսվում է 6 նոր ֆիլմերի ստեղծում, 40 նոր ստեղծագործական, ինչպես նաև 16 միջազգային նախագծերի իրականացում: Նախատեսվում է թատերահամերգային կառույցների և ինքնազբաղ արվեստագետների մասնակցություն շուրջ 15 միջազգային փառատոների,- ասել է Վ. Դումանյանը և հավելել,- մշակույթի ոլորտում կկատարվեն նաև ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ, որոնց թվում՝ ավարտին կհասցվի Մնջախաղի պետական թատրոնի կառուցումը: Վեց թատրոններում շուրջ 800 մլն դրամի վերազինում կկատարվի. կթարմացվի լուսաձայնային տեխնիկան, ինչն աննախադեպ ներդրում է ոլորտում»:

Զարկ կտրվի մշակութային կյանքի զարգացմանը մարզերում՝ մարզային մշակութային միջոցառումներում ընդգրկելով համայնքների շուրջ 30 տոկոսը: Շարունակվելու է «Թիկունքը՝ մշակույթ» նախագիծը, որի շրջանակում կիրականացվեն տասնյակ մշակութային միջոցառումներ։ Խոշոր մշակութային իրադարձություններից է լինելու «ԶարկՖեստ» (Յարխուշտա) ռազմի պարերի փառատոնը, որը նախատեսվում է կյանքի կոչել Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում։ Թատերահամերգային միջոցառումներ կկազմակերպվեն նաև պատմամշակութային միջավայրերում, հուշարձանների հարակից տարածքներում։

Եկող տարի նաև մի շարք կարևոր միջազգային միջոցառումներ են նախատեսված Հայաստանում, մասնավորապես կենսաբանության միջազգային օլիմպիադան, բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, գիտությունն ու արվեստը միավորող «STARMUS–VI» փառատոնը, որոնք էականորեն կբարելավեն Հայաստանի միջազգային դիրքերն այդ ոլորտներում:

Երիտասարդության ոլորտում Կառավարության կողմից վարվող պետական քաղաքականությունն ուղղված է լինելու երիտասարդության ներուժի բացահայտմանը, համակողմանի զարգացմանը, ինքնիրացմանը նպաստող համայնքային երիտասարդական միջավայրերի ձևավորմանը, ինչպես նաև խթանելու է երիտասարդների կարողությունների զարգացումը և որոշումների կայացման գործընթացում նրանց ակտիվ մասնակցությունը: Երիտասարդական միջավայրեր կստեղծվեն Հայաստանի մարզային համայնքներում, պետության համաֆինանսավորմամբ՝ ևս 1100 երիտասարդ ընտանիք կունենա իր տանիքը:

Սպորտի ոլորտում կշարունակվեն միջազգային հարթակներում ՀՀ դիրքի բարելավմանը և մասսայական սպորտի տարածմանն ուղղված ծրագրերը: Հայաստանում կանցկացվեն առնվազն երկու խոշոր միջազգային պաշտոնական մրցումներ, իսկ միջազգային մարզական միջոցառումներում վաստակած մեդալները կավելանան առնվազն 10 տոկոսով՝ հատելով 200-ի սահմանագիծը: Հայաստանի մարզիկները կմասնակցեն մի շարք կարևոր միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին։

Նախարարն իրազեկել է, որ 2022 թվականին կշարունակվեն «ՀՀ վարչապետի գավաթի» մրցաշարերը՝ 4 սիրողական մարզաձևերով, ինչպես նաև մանկապատանեկան մասսայական միջոցառումները՝ ընդգրկելով շուրջ 25000 մասնակից։

Սպորտի ոլորտում էականորեն կաճեն կապիտալ ներդրումները. 2022 թվականին կշարունակվի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզահամալիրի շինարարությունը Գյումրիում՝ 2025 թվականին ավարտի ժամկետով, կմեկնարկի և մինչև տարեվերջ կավարտվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցումն Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում: Կմեկնարկի և 2023 թվականին կավարտվի նաև Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցումը: Կբարելավվեն Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մարզվելու պայմանները՝ նոր մարզադահլիճների կառուցմամբ: