Ազգային ժողովն այսօր միաձայն հավանության է արժանացրել Կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում նախագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ 2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ժամանակ ստորագրված փաստաթղթի վավերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության խթանման, բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար թափանցիկ և համապարփակ միջոցների ապահովման քաղաքականությամբ:
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այս կոնվենցիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաջին գլոբալ կոնվենցիան է, սակայն Հայաստանը նախկինում արդեն իսկ միացել է մի շարք տարածաշրջանային կոնվենցիաների (այդ թվում՝ Փարիզի (1979 թ.), Բանգկոկի (1983 թ.) և Լիսաբոնի (1997 թ.)): «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան՝ որպես բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին համաշխարհային կոնվենցիա, գալիս է՝ լրացնելու և ամրապնդելու տարածաշրջանային կոնվենցիաների միջև կապը:
«Ազգային մակարդակով մենք արդեն ունենք թափանցիկ գործունեության կազմակերպման և համապարփակ միջոցների ձեռնարկմամբ մեխանիզմներ՝ ի դեմս Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի, որը փոխճանաչման առումով տրամադրում է համապատասխան խորհրդատվություն, հետևաբար և գլոբալ կոնվենցիայի ստորագրման դեպքում գործիքակազմի ներդրման առումով բարդություններ չեն առաջանա»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ փոխնախարարի՝ կոնվենցիայով ՀՀ-ն, փոխադարձության հիման վրա, պարտավորվում է ճանաչել մյուս կողմ պետությունում ձեռք բերած որակավորումները և համապատասխան փաստաթղթով կամ վկայականով հաստատված նախորդ ուսուցումը, որոնք համապատասխանում են մեր երկրում բարձրագույն կրթության մատչելիության ընդհանուր պահանջներին, եթե չեն հաստատվում էական տարբերություններ մյուս կողմ պետություններում մատչելիության ընդհանուր պահանջների և ՀՀ-ում ընդհանուր պահանջների միջև: Տարբերությունների առկայության դեպքում կարող է դիտարկվել նաև մասնակի ճանաչման հարցը:
«Կոնվենցիան նաև արտաքին քաղաքականության նպատակահարմարության տեսանկյունից է կարևոր: Այն ևս մի հնարավորություն է՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության համակարգի ընդհանուր միջազգայնացման տեսանկյունից: Փոխճանաչումը կապահովի ավելի մեծ շարժունություն միջազգային մակարդակով թե՛ արտերկրում ՀՀ որակավորումների և թե՛ մեր երկրում արտերկրի որակավորումների ճանաչման տեսանկյունից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այսպիսով՝ կոնվենցիան կնպաստի համաշխարհային մակարդակով մարդկային և կրթական ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը:
Նշենք, որ կոնվենցիայով ՀՀ-ն պարտավորվում է ստեղծել թափանցիկ համակարգեր մեր երկրի տարածքում ձեռք բերած որակավորումների և ուսուցման արդյունքների ամբողջական նկարագրության համար, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություն կամ այդ հաստատության կոնկրետ ծրագրով ընդունելության ընթացակարգերը մշակել այնպես, որ օտարերկրյա որակավորումների գնահատումն իրականացվի թափանցիկության, արդարացիության և խտրականության բացառման սկզբունքների հիման վրա:
Կոնվենցիան այս պահի դրությամբ վավերացրել է 5 երկիր` Նիկարագուան, Նորվեգիան, Էստոնիան, Ֆրանսիան և Ռումինիան: