Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդես: Այն կազմակերպվել է Վարպետի ընտանիքի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցուցահանդեսի բացման խոսքում ցավով նշել է, որ նկարչի 80-ամյակը նշվում է առանց նրա ֆիզիկական ներկայության, սակայն նա ապրում է իր ջերմ և գունեղ աշխատանքներով:

«Վլադիմիր Աբրահամյանը ողջ կյանքում հավատարիմ է մնացել իր կոչմանն ու արվեստին, և, ինչպես նկարչի ընտանիքի անդամներն են նշում, նա խոսել չէր սիրում, սակայն իր փոխարեն խոսում են գործերը՝ ջերմ, լուսավոր և արդար...»,- ասել է Նկարիչների միության նախագահը:

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են նկարչի տարբեր ժամանակների ստեղծագործությունները, որոնք աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով: Ցուցադրվում է շուրջ 50 կտավ, այդ թվում՝ մեծածավալ: Հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկուն կերպով ներկայացվում են նաև Վլադիմիր Աբրահամ­յանի նկարազարդած գրքերը:

ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանի նշմամբ՝ Վլադիմիր Աբրահամյանը, լինելով ազնվաբարո անձնավորություն, շատ նման էր իր արվեստին: Նա իր ողջ կյանքը նվիրել է կերպարվեստին, մշտապես ստեղծագործել է՝ աշխատանքները ցուցադրելով Հայաստանում, Ռուսաստանում և եվրոպական երկրներում:

Ցուցահանդեսի համադրող, ընտանիքի անդամ Նարա Եփրեմյանը, խոսելով ցուցահանդեսի մասին, նշել է, որ փորձ է արվել ցուցադրությունը կազմակերպել այն պատկերացմամբ, որը մոտ կլիներ Վլադիմիր Աբրահամյանի մոտեցումներին:

«Ցավոք, 80-ամյակը նշում ենք առանց Վլադիմիր Աբրահամյանի ֆիզիկական ներկայության, բայց ես հուսով եմ, որ նրա ստեղծագործական ոգին կթևածի այս ցուցասրահում: Մեզ համար միշտ կենդանի է, միշտ մեր կողքին է իր նկարների, գույների, լույսերի միջոցով: Առաջին անգամ ցուցադրված են նկարչի ձևավորած գրքերը: Նա ավելի քան 250 գրքի ձևավորման հեղինակ է: Շատ հայտնի գրքեր, որ կան ձեր գրադարաններում, հեղինակել է Վլադիմիր Աբրահամյանը: Այսօր ցուցահանդեսին ներկա են նաև Վլադիմիր Աբրահամյանի ուսանողները, և մենք ցուցահանդեսի շրջանակում անակնկալ ենք պատրաստել նաև նրանց համար. ցուցասրահում դրված են նրա մոլբերտը, վրձինները, և 2 օր՝ նոյեմբերի 18-20-ը, ուսանողները հնարավորություն կունենան նկարելու Վարպետի վրձիններով և Վարպետի մոլբերտի վրա»,- նշել է Նարա Եփրեմյանը և հավելել, որ Վլադիմիր Աբրահամյանի փոխարեն այսօր խոսում են նրա նկարներն ու գույները:

Հատկանշական է, որ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունները մշտապես հիացրել են արվեստասերներին և արժանացել պրոֆեսիոնալների բարձր գնահատականին: Նկարչի յուրօրինակ կտավներն իրենց հաստատուն տեղն ունեն ժամանակակից կերպարվեստի պատմության մեջ: Նրա ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան):

Տեղեկացնենք, որ Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 21-ը: