ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ին կայացած նիստում մեծ սպորտի ոլորտին 37 մլն դրամ հավելյալ գումար է հատկացվել Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին և մինչև տարեվերջ կայանալիք Եվրոպայի առաջնություններին Հայաստանի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով:

Գումարը հատկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2021 թվականի բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին:

Համաձայն որոշման` միջոցներ կհատկացվեն Հայաստանի դահուկային սպորտի և գեղասահքի ֆեդերացիաներին` 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունը ապահովելու համար: Ֆինանսավորում կտրվի Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային` մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, Հայաստանի սամբոյի ֆեդերացիային` աշխարհի առաջնությանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիային` վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների՝ մինչև 18 տարեկան տղաների առաջնության ընտրական 1-ին փուլին նախապատրաստվելու և մասնակցելու համար: