«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Եղի՛ր տեղեկացված. մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում՝ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում» ծրագիրը։ Ծրագրի առաջին փուլը՝ «Մեդիագրագիտության դեսպանները» մեկշաբաթյա դասընթացը, նոյեմբերի 5-ից 12-ը տեղի է ունենում Երևանում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում նոյեմբերի 11-ին հյուրընկալվել են դասընթացի՝ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի 20 մասնակիցները, որոնք դիմել են ծրագրին և հաջողությամբ հաղթահարել առաջին փուլը:

Դասընթացի մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ նախարարությունը մեդիագրագիտության թեմայով իրականացնում է տարբեր ծրագրեր, աջակցում «Մեդիագրագիտության շաբաթվա» անցկացմանը: Նա գոհունակությամբ փաստել է, որ մեդիագրագիտության վերաբերյալ հմտություններն արդեն ներառված են Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվող հանրակրթության առարկայական չափորոշիչներում:

«Մեր ակնկալիքն է, որ հետագայում այդ դպրոցների շրջանավարտները կլինեն շատ ավելի մեդիագրագետ, քանի որ թե՛ քովիդի հետևանքով իրականացված հեռավար ուսուցումը, թե՛ պատերազմը ցույց տվեցին՝ ինչ կարևոր են տեղեկատվական և թվային գրագիտությունը, ապատեղեկատվությունը և կեղծ լուրերի զանազանումը»,- ասել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ այդ նպատակով երիտասարդության ոլորտում ևս իրականացվում են կարևոր և թիրախային ծրագրեր:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է, որ ծրագրի շրջանակում երիտասարդները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ, իրենց համայնքներում դառնում են «մեդիագրագիտության դեսպաններ»:

«Ուրախ կլինենք, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական լինեն և ընդգրկեն ոչ միայն ֆորմալ կրթությունը, այլև կրթությունից դուրս մնացած երիտասարդներին: 21-րդ դարում գործընթացները շատ արագ են զարգանում, և շատ հմտություններ պետք է ձեռք բերել լրացուցիչ և շարունակական կրթության շնորհիվ ու անընդհատ ինքնակատարելագործվել»,- նշել է փոխնախարարը՝ գոհունակություն հայտնելով, որ ծրագիրը թիրախավորել է հենց սահմանամերձ համայնքների երիտասարդներին:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Երիցյանը: Վերջինս կարևորել է, որ ծրագիրն իրականացվում է պետական, միջազգային և տեղական կազմակերպությունների համագործակցության շնորհիվ:

«Կարծում եմ, որ միջսեկտորալ համագործակցությունը երիտասարդության ոլորտի զարգացման համար լավագույն տարբերակն է: Այս մեկ շաբաթվա ընթացքում ծրագրի մասնակիցները ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ ձեռք են բերել մի շարք հմտություններ, որպեսզի դրանք հետագայում փոխանցեն իրենց համայնքներին»,- նշել է Գրիգորի Երիցյանը՝ հավելելով, որ ծրագրին մասնակցելու համար ստացվել են բազմաթիվ դիմումներ, սակայն դրա հետագա ընթացքին կմասնակցեն առաջին փուլը հաղթահարած հայտատուները: Նրա խոսքով՝ ծրագիրը Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կշարունակվի ևս 6 ամիս, այնուհետև կկրի շարունակական բնույթ:

Ծրագրի համակարգող Նելլի Փայտյանի խոսքով՝ երիտասարդները մասնակցել են մեդիագրագիտության, փաստերի ստուգման, կիբերանվտանգության և անձնական տվյալների պաշտպանության, թվային մարքեթինգի և սոցիալական արշավների կազմակերպման, փոդքաստների և աուդիոձայնագրությունների ստեղծման դասընթացներին, ստացել տեսական և գործնական գիտելիքներ: Հանրային ռադիոյի հետ ակնկալվում է համագործակցություն, որի շրջանակում երիտասարդները եթերում կբարձրաձայնեն իրենց համայնքների հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

Միջոցառման ընթացքում դասընթացի մասնակից երիտասարդները կիսվել են իրենց տպավորություններով, գիտելիքներով և փորձով:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հավաստագրեր է հանձնել դասընթացի մասնակիցներին: