ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ մի շարք հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը, վերականգնմանը և տարածքի բարեկարգմանը միտված խնդիրներին տեղում ծանոթանալու, դրանք քննարկելու և հնարավոր միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։

Առաջին այցը Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում գտնվող Դաշտադեմ ամրոցն էր (7-19-րդ դար, կառուցվել է Կամսարականների օրոք)։ Տեղում հանդիպում և քննարկում է կազմակերպվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատուների և համայնքի ղեկավարի հետ։ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին ՀՏԶՀ-ը ենթածրագրերից մեկով նախատեսվում է իրականացնել վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ ՊՄՀՊ վարչության կողմից ներկայացվել են վարչությունում 2005 թվականից առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը, ներկայացվել են տարիների ընթացքում իրականացված ամրակայման և վերականգնողական աշխատանքները, և առաջարկվել է նախատեսվող գումարով իրականացնել Դաշտադեմ ամրոցի միջնաբերդի աշտարակների, ինչպես նաև ամրոցի տարածքում գտնվող խանի պալատի (խորհրդային տարիներին կառուցվել են կցակառույցներ, և շենքը ծառայել է որպես դպրոց) վերականգնումը՝ վերջինս, համաձայն առկա նախագծի, դարձնելով թանգարան, որտեղ կցուցադրվեն ամրոցի տարածքից պեղված գտածոները։ ՀՏԶՀ-ի պատասխանատուների կողմից առաջարկվել է ամրոցի մուտքի մոտ և ներսում տեղադրել տեղեկատվական ցուցանակներ, ինչպես նաև լուծել սանհանգույցի հարցը։ Հատկապես խնդրահարույց է համայնքի ջրամատակարարման ցանցի բացակայության ու մասնավոր հողազավթումների հարցը։

Ճանապարհին ՊՄՀՊ աշխատակիցներն այցելել են «Ագարակ» պատմամշակութային արգելոց (ծիսական վաղ բրոնզեդարյա հնավայր), որը գտնվում է Ագարակ և Ոսկեհատ գյուղերը կապող ճանապարհին։ 2020-2021 թթ. պետական միջոցների հաշվին նախատեսվող վերականգնողական աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթած իտալացի մասնագետների կողմից մշակման ընթացքում են ծիսական հնավայրի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ ՊՄՀՊ վարչության աշխատակիցների կողմից հնավայրում իրականացվել են տեղազննման և ներկայացված նախագծի հետ համապատասխանության աշխատանքներ՝ հետագայում ամրակայման և վերականգնման գործընթացը հավուր պատշաճի իրականացնելու նպատակով (պետական բյուջեի բավարար միջոցների դեպքում)։

Հովհաննավանք վանական համալիրի (13-րդ դ.) պարսպապատերի, կից կառույցների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծն իրականացվել է 2021 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին՝ մրցույթում հաղթող ճանաչված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից։ Սույն թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության 10-րդ գիտամեթոդական խորհրդի նիստում նշյալ նախագիծը ներկայացվել է և ընդունվել։ Քանի որ պեղման աշխատանքները նշյալ ժամանակաշրջանում չէին ավարտվել, ՊՄՀՊ վարչության աշխատակիցներն այցելել են հուշարձանի պեղավայր՝ տեղում աշխատանքները հետազննելու ու բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու։ Ինչպես հավաստում էին նախագծի հեղինակները, պեղումները մեծ արդյունքներ չեն տվել, և տեղում հնարավոր է իրականացնել մասնակի ամրակայման աշխատանքներ, որոնք կներկայացվեն աշխատանքային փուլի գծագրերի հետ։