Ամիսներ առաջ ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքում բացվել էր դամբարան, որի հնագիտական ուսումնասիրությունները նախաձեռնել և դրանց աջակցել էր հողատարածքի սեփականատեր, քաղաքացի Մուշեղ Հարությունյանը:

Բարձր գնահատելով քաղաքացու հայրենանվեր գործունեությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Մուշեղ Հարությունյանին և փոխանցել նախարարության և նախարար Վահրամ Դումանյանի գնահատանքն ու երախտագիտությունը:

Հանդիպմանը ներկա էին նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Շահումյան համայնքում բացված դամբարանի պեղումները իրականացնող արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանը և արշավախմբի անդամներ Լևոն Աղիկյանը, Արմինե Հարությունյանը:

Ողջունելով հայր և որդի Հարությունյաններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծանոթանալով այդ հողատարածքում իրականացվող պեղումների նախապատմությանը՝ երախտագիտության աներևակայելի զգացում է ապրել:

«Պատահաբար այգում գտնվել է մի դամբարան, որտեղից դուրս են գալիս աննախադեպ քանակի արժեքներ, և դրանց նկատմամբ սեփականատերը դրսևորել է քաղաքացիական բարձր գիտակցություն: Չգիտեմ՝ ինչն է առավել հուզիչ և թանկ. ավելի շատ պետք է ուրախանանք գտնված արժեքների համա՞ր, թե՞ այն վերաբերմունքի, որ ցուցաբերել է սեփականատերն այդ արժեքների հանդեպ: Սա անգնահատելի քայլ է, առավել ևս, որ մենք գանձագողության հետ կապված մեծագույն խնդիրներ ունենք, երբ մարդիկ ուրիշի տարածքներից, սեփականությունից են առևանգում մեր արժեքները: Իր սեփական տարածքում գտնելով այդ արժեքները՝ Մուշեղ Հարությունյանն անմիջապես դիմել է հնագիտական կառույցների պատասխանատուներին և տեղեկացրել այդ մասին: Իմ երախտագիտությունն ու խոնարհումն եմ բերում Ձեզ և շատ կուզենամ, որ մեր արժեքների հանդեպ այս մեծ պատասխանատվությունը և քաղաքացիական բարձր դրսևորումը մյուսների համար դառնա օրինակելի: Դուք անցյալի պատմությունը փրկել եք և հասցնում եք ապագայի պատմությանը»,- շեշտել է Արա Խզմալյանը և նորից իր խորին երախտագիտությունը հայտնել Հարությունյանների ընտանիքին:

Այնուհետև նախարարի տեղակալը Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար Մուշեղ Հարությունյանին է հանձնել ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիրը:

Ի պատասխան՝ Մուշեղ Հարությունյանն իր շնորհակալությունն է ուղղել նախարարությանը:

«Այս դամբարանը պեղելով՝ մեծ ձեռքբերումներ ենք գրանցել. առաջին՝ մեր քաղաքացին, գտնելով դամբարանն իր տարածքում, անմիջապես այդ մասին տեղեկացրել է համապատասխան կառույցներին և «պահանջել» արագ արձագանքում, և հետո՝ առաջին անգամ է, որ Հայաստանի տարածքում պեղվում է կուր-արաքսյան կամ շենգավիթյան փուլի մշակույթի դամբարան, որի նյութերն իրենց ծավալներով և բովանդակությամբ աննախադեպ են: Այս պեղված օբյեկտի գիտական նշանակությունը կհանրայնացվի ավելի ուշ, քանի որ դեռևս նյութերի անալիզներ պետք է իրականացվեն: Արդեն պեղված և հայտնաբերված այս ահռելի քանակությամբ նյութերով մենք կարող ենք հսկայական ցուցադրություն կազմակերպել»,- նշել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և հավելել, որ 110 անուն գտածոների շարքը շարունակական է, և դրանք համալրվում են նոր անուններով:

Շահումյան համայնքում բացված դամբարանի պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանը նշել է, որ սա եզակի դեպքերից է, որ քաղաքացու, սեփականատիրոջ ակտիվության և գիտակցության շնորհիվ պեղվել և ուսումնասիրվել է դամբարան, և որի մասին այսօր կարող ենք խոսել որպես հնագիտական հուշարձանի, քանի որ պեղվող դամբարանը համալիրի մաս է կազմում և գիտության մեջ սենսացիոն ծավալի նյութ է:

«Պեղումներն իրականացվել են շուրջ 1 ամիս, և մոտ 30 կմախք պարունակող խցում կուտակված է նրանց գույքը, որը կազմում է ավելի քան 60 պահպանված, ամբողջական անոթներ, որոնց պարունակությունն առանձին ուսումնասիրությունների կարիք ունի: Այստեղ մենք գործ ունենք վաղ բրոնզեդարյան շրջանի հետ. գտնվել են մետաղե ձուլվածքներ, որոնք նույնպես ենթադրում են հատուկ ուսումնասիրություններ, և որոնց ուղղությամբ մենք արդեն աշխատանքներ ենք ձեռնարկել: Գտածոների մեջ առկա են կախիկներ, ուլունքներ և ուրիշ այլ նյութեր»,- տեղեկացրել է արշավախմբի ղեկավարը և հավելել, որ Մուշեղ Հարությունյանի շնորհիվ մենք ունենք նոր հնագիտական հուշարձան: