Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում այսօր տեղի է ունեցել Կաթնամթերքի վարպետաց դպրոցի բացման արարողությունը:

Նորարարական այս գաղափարը իրականություն դարձնելու գործում բուհին աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հմտությունների և գիտելիքի զարգացում» ծրագրի շրջանակում: Կաթնամթերքի վարպետաց դպրոցի նպատակն է փորձուսուցման միջոցով ՀԱԱՀ-ի և գործընկեր համալսարանների ուսանողներին փոխանցել արդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ:

Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա կարևորել է, որ ծրագիրն իրականացվում է գյուղատնտեսության ոլորտում, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:

«ՄԿՈՒ ոլորտն այս առումով ամենամեծ ներուժն ունեցող բնագավառն է, և ես ուրախ եմ, որ Ագրարային համալսարանի ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության քաղաքականությանը: Ծրագիրը կարող է նաև փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հարթակ դառնալ մյուս ուսհաստատությունների համար, քանի որ համակարգում լավագույն փորձը տարածելը և զարգացնելը մեր առաջնահերթություններից է: Դուալ կրթությունը և աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ևս առաջնահերթ ուղղություններ են, որոնք շեշտադրված են Կառավարության ծրագրում: Նախատեսում ենք ուսուցման այդ ձևին առաջիկայում տալ օրենսդրական կարգավորումներ՝ դրանցով ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներդնելով, որպեսզի համակարգն, իրոք, զարգանա, և ուսումնական հաստատությունները գործատուների հետ համագործակցության բազմազան գործիքակազմ ունենան: Կառավարության ծրագրով շեշտադրվել է նաև, որ այդ համագործակցությունը կարող է ավելի ընդլայնվել. մասնավոր սեկտորի հետ գործակցության շրջանակը կընդգրկի նույնիսկ համատեղ կառավարման հնարավորություններ՝ դրանով իսկ նպաստելով գործընթացի արդյունավետության բարձրացմանը և գործատուների կարիքներին արձագանքմանը»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ին վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության հուսալի գործընկերը լինելու համար, ինչպես նաև սփյուռքահայ բարերարներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կրթության զարգացման գործում:

Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է, որ Կաթնամթերքի վարպետաց դպրոցում փորձուսուցում անցնող առաջին, 14 ուսանողից բաղկացած խումբը կլինի Արցախից. «Սա նաև ցույց է տալիս մեր հայրենակիցների հետ բոլոր դժվարությունները միասին անցնելու և մարտահրավերներին դիմակայելու մեր պատրաստակամությունը, իսկ դրա լավագույն եղանակը կրթությունն է»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը, իր հերթին նշել է, որ սա լավ հնարավորություն է, որպեսզի ուսանողները ստանան գործնական և կիրառելի գիտելիքներ՝ այսպիսով հասանելիություն ապահովելով աշխատաշուկայում:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ դպրոցն առաջին հերթին նվեր է ուսանողներին. «Սա շատ կարևոր մոտեցում է Հայաստանում դուալ կրթության զարգացման տեսանկյունից, որպեսզի ուսանողները տեսական գիտելիքների հետ ձեռք բերեն գործնական հմտություններ»:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանի խոսքով՝ ՌԶԳ-ն հաջորդ տարի նշում է իր 20-ամյակը, և այս ընթացքում գյուղատնտեսության և ՄԿՈւ ոլորտներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր:

«Աշխատելով մասնավոր բիզնեսի և համայնքների հետ՝ մենք հասկացանք, թե անասնաբուժության ոլորտում որքան սուր է երիտասարդ կադրերի՝ ոլորտ ներգրավման խնդիրը: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս Շվեյցարիայի կառավարությունը հաստատեց առաջիկա տարիների ընթացքում ևս մեկ ՄԿՈւ ծրագրի իրականացումը, որի շրջանակում կընդլայնենք մեր համագործակցությունը Ագրարային համալսարանի և ՄԿՈՒ հաստատությունների հետ»,-շեշտել է նա:

Ողջույնի խոսքերից հետո միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին և պայմաններին:

Նշենք, որ ուսանողները վարպետաց դպրոցում հնարավորություն ունեն մասնակցելու կաթնամթերքի արտադրության և իրացման ամբողջական շղթային, ընդ որում՝ նրանց համար այստեղ ստեղծված են աշխատանքի և կեցության լավագույն պայմանները: Ուսանողների համար վարպետաց դպրոցը կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիաներին տիրապետելու, սեփական ձեռքերով հանրային բարիք ստեղծելու, ապագա գործընկերների ցանցն ընդլայնելու, ինչպես նաև ընտանիքից դուրս ինքնուրույն կյանք վարելու փորձ ձեռք բերելու լավագույն հնարավորություն է:

Բալահովիտի տնտեսությունում կաթնամթերքի վերամշակման գործող արտադրամասի և նորակառույց ոսանողական կացարանից բացի՝ շահագործման են հանձնվում նաև վերակառուցված ոչխարանոցը՝ նախատեսված Ֆրանսիայից ներկրված մսատու «Բլանշ» ցեղի ոչխարների բուծման համար, ինչպես նաև կանաչ կերի արտադրամասը: Առաջիկայում կառուցվելիք «խելացի» անասնաշենքի շահագործմամբ կամբողջանա ժամանակակից արտադրության շրջափուլը, և ուսանողները կստանան աշխատաշուկայում պահանջված ամենաարդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ: